Beatles-ի թմբկահար Ռինգո Սթարը եւ Bee Gees խմբի համահիմնադիր Բարի Գիբը ստացել են Բրիտանական կայսրության ասպետի տիտղոսներ, հաղորդում է BBC-ն:

Ռինգո Սթարը, որի իսկական անունը Ռիչարդ Սթարկի է, խմբի անդամներից վերջինն է, որ ասպետի տիտղոս է ստացել. 20 տարի առաջ այդ տիտղոսին արժանացել էր Փոլ Մաքարթնին:

Ինչպես եւ Beatles-ի մյուս անդամները Սթարը պարգեւատրվել է երաժշտական ձեռքբերումների համար:

 «Ինձ համար պատիվ է եւ հաճույք իմ երաշտության եւ բարեգործական աշխատանքի համար պարգեւատրվել: Խաղաղություն եւ սեր», — ասել է նա:

Գիբը եւս այդ տիտղոսին արժանացել է բարեգործության եւ երաժշտական ձեռքբերումների համար: Երաժիշտը նաեւ հայտարարել է, որ խմբի մյուս անդամները եւս արժանի են այս պարգեւին:

 «Այն որքան իմն է, նույնքան էլ նրանցն է», — ասել է Գիբը:

Ռինգո Սթարը Beatles-ին միացավ  1962-ին: Հիմա նա 77 տարեկան է եւ նրա ունեցվածքը հասել է 300 մլն եվրոյի: