ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ դեռ ոչ ոք չի ցանկանում ներխուժել Ուկրաինա, մահացու զենքի ազդեցությունը, որը Վաշինգթոնը համաձայնել է վաճառել Կիեւին, աննշան կլինի:

Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

 «Դեռ ոչ ոք չի ցանկանում ներխուժել Ուկրաինա, հուսով եմ այդ զենքի ազդեցությունը աննշան կլինի: Դա պաշտպանական զենք է», -նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է Ջիմ Մաթիսը:

 Բացի այդ, ըստ նրա, Ուկրաինայում ԱՄՆ ռազմական դերակատարությունը չի փոխվի:

«Հիմա չեմ կարծում, որ Ուկրաինայում ԱՄՆ ռազմական դերակատարությունը կաճի: Այժմ այնտեղ են մեր ռազմական մարզիչները, որոնք օգնում են Ուկրաինայի բանակին պատրաստվել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան եւ դրա պատճառն այն է, որ մենք ցանկանում ենք համոզվել, որ Ուկրաինայի զինված ուժերը ծառայում են Ուկրաինայի ժողովրդի շահերին», - ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ պետդեպարտամենտը Ուկրաինային դիպուկահարների հրացանների վաճառքի համար թույլտվություն է տրամադրել: 

Ավելի ուշ ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտը նշել էր Ուկրաինային հզոր պաշտպանական սպառազինության տրամադրելու պատրաստակամության մասին: