Հայաստանի ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ, այսօր՝ հունվարի 4-ին, մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները:

ՊՆ-ից NEWS.amին հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության եւ գործողությունների համադրման շրջանակում քննարկումներին մասնակցում են նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:

Ծրագրի շուրջ առաջիկայում քննարկումներ կլինեն նաեւ փորձագիտական շրջանակների ներգրավմամբ: Ամփոփիչ քննարկումներից եւ լրամշակումներից հետո արդիականացման ծրագիրը կներկայացվի Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հաստատմանը:

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր, որով նախատեսվում է որակական նոր, բացառիկ մակարդակի վրա դնել զինված ուժերի կառավարման համակարգի արդյունավետությունը, զինուժի պատրաստության եւ մարտունակության աստիճանը: