Արգենտինայի ոստիկանությունը փնտրում է Բուենոս Այրեսի գերեզմանոցից երեխայի աճյունը առեւանգածներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ ծննդի նախօրեին: 2017 թվականի դեկտեմբերի 10-ին թոքաբորբից մահացած մեկամյա երեխայի աճյունը պահվում էր գերեզմանոցի «ժամանակավոր» սենյակում, քանի որ այդ պահին հուղարկավորման համար հասանելի տեղ չկար: Երեխայի մահից մի քանի շաբաթ անց ծնողները հերթական անգամ եկել էին ծաղիկներ դնելու, սակայն նորածնի մարմինը դագաղից անհետացել էր:
Չարամիտների որոնման աշխատանքների պատասխանատու, դատախազ Անա Մարիա Կարոն հայտնել է, որ իշխանությունները խուզարկում են ֆերմաներն ու մոտակա գյուղերը: Նրա խոսքով՝ կասկածյալների թվում են նաեւ տեղական աղանդներից մեկի անդամները, որոնց նախկինում նկատել են «սատանայական ծեսեր» կատարելիս: «Հուսով ենք, որ մեր որոնումները շուտով արդյունք կտան»,-ասել է Կարոն:



























