Ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ առաջին զանգվածային հարձակումը, որը զինյալներն իրականացրել էին 2018 թվականի հունվարի սկզբին Սիրիայում ռուսական ռազմակայանների դեմ, հետեւանքներ չունեցավ, սակայն հարձակման ժամանակ կիրառված դրոնների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օտարերկրյա օգնության շնորհիվ զինյալները կարողացել են հարվածներ հասցնել մեծ հեռավորություններից, ինչը կարող է օգտագործվել ցանկացած երկրում ահաբեկչական հարձակում իրականացնելու համար, նշվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
«Սիրիայում ռուսական օբյեկտների վրա հարձակման ժամանակ ահաբեկիչների կողմից գործարկված ինժեներական լուծումները կարող էին ձեռք բերվել միայն այն երկրից, որը արբանյակային նավիգացիայի ապահովման բարձր տեխնոլոգիական հնարավորություններ եւ նշված կոորդինատներում մասնագիտորեն հավաքված ինքնաշեն պայթուցիկ սարքերի արձակման հեռակառավարման համակարգեր ունի», - մասնավորապես նշված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարությունում հավաստիացրել են, որ դրոնների հարձակման հետեւանքով ռուսական օբյեկտները նյութական վնասները չեն կրել, տուժածներ եւս չկան:




























