Հարցազրույց Հայաստանի գործատուների հանրապետական կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանի հետ։

Պրն Մակարյան, վերջին տարիներին Երեւանում սուպերմարկետների ցանցը կտրուկ ընդլայնվել է։ Ոմանց կարծիքով՝ դա հանգեցնելու է փոքր խանութների սնանկացմանը։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

Ես սուպերմարկետների ցանցին այլ տեսանկյունից կմոտենամ, որն ավելի շուտ դրական է նրանց համար։ Անշուշտ՝ կրպակներն ու փոքր խանութները առեւտրի աշխուժությունը կկորցնեն, որովհետեւ սուպերմարկետը սպունգի նման ներծծում է հաճախորդին դեպի իրեն։ Մարդկանց սուպերմարկետը գրավում է մի քանի պատճառներով՝ ավելի լուսավոր են, սպասարկումը ավելի բարձր մակարդակի վրա է, ապրանքներն ավելի երաշխավորված են (սուպերմարկետները ներքին ակրեդիտացիայի են ենթարկում այն ֆիրմաներին, որոնցից ապրանք են վերցնում): Իսկ խանութներում ապրանքի պահպանման խնդիրներ կան՝ ապրանքը կարող է ջեռուցիչի մոտ դնեն, կամ չգիտեն, թե որտեղ դնեն։ Գնի առումով սուպերմարկետները նույնպես մրցունակ են։

Մի խոսքով՝ փոքր բիզնեսի համար վտանգներ չե՞ք տեսնում։

Վտանգ իսկապես կա, որովհետեւ նրանք մրցակցությանը իսկապես չեն դիմանում։ Հնարավոր է՝ որոշ խանութներ փակվեն, իսկ մյուսներում շրջանառության ծավալներն ընկնեն։ Գաղտնիք չէ, որ եթե որեւէ թաղամասում սուպերմարկետ է բացվում, շատերն են ձգտում գնալ այնտեղ։ Այլ խնդիր է, որ պետք է կանոնակարգել խտության աստիճանը՝ տվյալ տարածքում գնորդների ու խանութների ճիշտ հարաբերակցություն սահմանել։ Բայց եթե նայենք որակի եւ գների տեսանկյունից՝ սուպերմարկետների դերակատարումը մանրածախ շուկայում շատ ավելի դրական է։

Բայց կարծես թե սուպերմարկետների միջեւ էլ անառողջ մրցակցություն կա։

Դա բիզնեսի կատեգորիա է, բնական է՝ մրցակցություն պետք է լինի։ Ես փաստեր չունեմ, որ այդ մրցակցությունը «անառողջ» որակեմ, բայց տեղյակ եմ, որ սուպերմարկետներն ամեն ինչ էլ վաճառում են։ Եթե անառողջ մրցակցություն լիներ՝ իրար մեջ ապրանքային շուկաները կկիսեին։

Ուզում եմ ասել՝ միմյանց շատ մոտ են կառուցում։

Դա գնողունակությունից է կախված։ Նույն ձեւով՝ շինանյութերի խանութներն են իրար մոտ գտնվում, կամ կահույքի սրահները. խորովածանոցները։ Այսինքն՝ ստեղծում են առեւտրի գոտիներ։ Նույնն էլ սուպերմարկետները՝ եթե հաշվարկը ցույց է տալիս, որ այդ գոտիում պահանջարկ կա, ուրեմն ինչո՞ւ չբացել։ Սուպերմարկետների տերերը ունեն լուրջ գումարներ, կարողանում են հաշվարկել, թե տվյալ ճանապարհով քանի՞ մեքենա է անցնում, ո՞ւր են գնում, հանգստացո՞ղ են, թե՝ բնակիչ, եւ այլն։ Ունեն լավ մասնագետների թիմ, որոնց լավ վճարում են, համոզված եղեք, որ սխալ ներդրում չեն անում։

Իսկ մենաշնորհացման վտանգ չկա՞։

Պատկերացրեք, որ սուպերմարկետները սկսեն որոշակի քաղաքականություն տանել՝ սկսելով գներ թելադրել արտադրողներին։ Այսինքն՝ սուպերմարկետը ունենալով բազմաթիվ հաճախորդներ, կարողանում է որոշել ապրանքի ամենաօպտիմալ գինը՝ հաշվի առնելով նաեւ ժողովրդի գնողունակությունը, եւ դառնում է գների թելադրող։ Արտադրողը շահագրգռված է սուպերմարկետին ապրանք վաճառել, քանի որ մի քանի հարյուր խանութ փոխարինվում է 1 խոշոր ու հուսալի գնորդով, որն ավելի լավ է իրացնում, ու գումարներն էլ ժամանակին է հետ վերադարձնում։ Հատկապես, երբ գործ ունեն սուպերմարկետների ցանցի հետ։ Այսինքն՝ սուպերմարկետը կարող է դրական իմաստով դառնալ գին թելադրող ենթակառուցվածք, քանի որ գնորդի եւ արտադրողի միջեւ հետաքրքիր կամուրջ է ձեւավորվում։

 

Զրուցեց՝ Սամվել Ավագյանը