«Մենք սկզբունքորեն դեմ չենք պարտադիր ավտոապահովագրության համակարգին»,- այսօր՝ դեկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը։ Նրա տեղեկացմամբ՝ եվրոպական երկրներում ԱՊՊԱ-ն հանդիսանում է սոցիալական խնդիրների լուծման կարեւոր բաղադրիչ, սակայն սոցիալական ռիսկերի կառավարման տեսանկյունից լավագույն լուծումը չէ։ Օրինակ՝ եվրոպական երկրներում բժշկական ապահովագրությունն ավելի շուտ է ներդրվել, քան պարտադիր ավտոապահովագրությունը։
Ինչ վերաբերում է Հայաստանում պարտադիր ավտոապահովագրության ընդունված օրենքին, ապա Ա. Նռանյանը 2 հիմնական թերություն նշեց։
Առաջին՝ սակագները հիմնավոր չեն։ Ըստ Ա. Նռանյանի՝ սակագնի հաշվարկի հիմքում դրված է տարեկան 32 հազ. վթարի ցուցանիշը։ Այնինչ Հայաստանում տարեկան գրանցվում է 2000 վթար։ Եթե հաշվի առնենք, որ գրանցված վթարների թիվը պարտադիր ավտոապահովագրության ներմուծումից հետո թեկուզեւ 4-5 անգամ կավելանա, ապա ստացվում է, որ սակագնի հիմքում դրված է վթարների մի քանի անգամ ուռճացված հաշվարկ։ «Եթե սակագները 2 անգամ պակաս սահմանվեին, ապա դժգոհությունները 10 անգամ քիչ կլինեին»,- ասաց դաշնակցության ներկայացուցիչը։
Երկրորդ՝ լուրջ խնդիր է վթարից հետո վթարված մեքենայի նորոգման արժեքի գնահատումը, որտեղ առկա են անորոշություններ։ Օրինակ՝ Ռուսաստանում հաշվի են առնում ամորտիզացիան, սակայն երբեմն հարկ է լինում փոխել լիովին նոր մաս։ «Գույքային վնասները գնահատելու առումով մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- զգուշացրեց Ա. Նռանյանը։




























