Այսօր, սեպտեմբերի 14-ին, լրանում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի 44 տարին։ Ռուսաստանի նախագահն այսօր մտադիր է այցելել Յարոսլավլ, որտեղ կմասնակցի «Ժամանակակից պետությունն ու համաշխարհային անվտանգությունը» միջազգային խորհրդաժողովին։
Ինչպես լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, Դմիտրի Մեդվեդեւը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի եւ Իսպանիայի կառավարության ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի հետ, որոնք հրավիրված են այդ համաժողովին։
Խորհրդաժողովին կմասնակցեն նաեւ Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ռոմանո Պրոդին ու Չինաստանի արտաքին գործերի նախկին նախարար Տան Ցզյասյունը։ Յարոսլավլ են հրավիրվել արտասահմանցի մի խումբ քաղաքագետներ ու գիտնականներ, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը, բանավեճային «Վալդայ» միջազգային ակումբի անդամներ, մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ։




























