«Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծի վերամշակված տարբերակն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, մինչդեռ բազմազավակ ընտանիքների ծնողների առաջարկներից միայն երկուսն են հաշվի առել: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց 14 երեխաների հայր Մարտիկ Մելքոնյանը:
«Վերամշակված տարբերակում ներառել են բազմազավակ ընտանիքների անդամների բժշկական ծախսերի անվճար լինելու մասին առաջարկը եւ բանակում գումարով ծառայելը, որը մտնում է «Ես եմ» ծրագրի մեջ»,-ասաց նա:
Մարտիկ Մելքոնյանը նշեց, որ կառավարությանը ներկայացրած առաջարկություններից առաջնայինը բազմազավակ ծնողներին աշխատանքով ապահովելն էր, որին ընդհանրապես ուշադրություն չի դարձվել: Բազմազավակ ընտանիքների ծնողները դժգոհ են այս լուծումից եւ ցանկանում են հանդիպումներ ունենալ պատգամավորների հետ:
Նշենք, որ բազմազավակ ընտանիքները պահանջում էին ստեղծել անկախ փորձագիտական հանձնաժողովներ, որոնք կօգնեն բազմազավակ ընտանիքներին կազմել բիզնես ծրագրեր, տրամադրել համապատասխան չափի գումար փոքր եւ միջին բիզնեսի հիմնադրման եւ զարգացման համար: Ըստ առաջարկության, բիզնեսով զբաղվող բազմազավակ ընտանիքներն առաջիկա 7 տարիների ընթացքում պետք է ազատվեն բոլոր տեսակի հարկերից եւ տուրքերից:




























