Վենեսուելայի իշխանությունները որոշել են վերսկսել արտարժույթվ առեւտուրը DICOM լրացուցիչ համակարգի շրջանակներում, որը դադարեցվել էր 2017 թվականի օգոստոս ամսից, ինչպես նաեւ ԱՄՆ դոլարի հետ մեկտեղ ավելացրել են քաղաքացիների եւ կազմակերպությունների համար բորսային գնով եվրո ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

DICOM-ում առեւտրի վերսկսման մասին հայտարարել է Վենեսուելայի Կենտրոնական բանկի նախագահ Պեդրո Մալդոնադոն: Ըստ Globovision հեռուստաալիքի՝ ֆիզիկական անձինք կարող են վաճառել իրենց եվրոներն ու դոլարները, ինչպես նաեւ եռամսյակում առավելագույնը 420 եվրոյի չափով արտարժույթ ձեռք բերել, կամ՝ 1680 եվրո տարեկան: Իրավաբանական անձանց համար այս սահմանը ամսական 340 հազար եվրո է:

Փորձագետները նշում են, որ DICOM համակարգում եվրոյի ներմուծումը կարող է պայմանավորված լինել պատժամիջոցներից խուսափելու փորձերով, որոնք Վենեսուելայի քաղաքացիների հետ գործարքների անմիջական արգելք չեն ենթադրում, սակայն բազմաթիվ միջազգային բանկեր ամեն դեպքում հրաժարվում են նման գործարքներ կնքել դոլարով: