Արցախյան ազատամարտի տարիներին, երբ դեռ հայկական բանակը կազմավորված չէր, շատ հայորդիներ, ստեղծելով կամավորական ջոկատներ, մեկնեցին Արցախ՝ միանալու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Հրազդանում եւս ստեղծվեցին այդպիսիք: 58 ամյա հրազդանցի Մուրադ Մնացականյանն այն մարդկանց թվին էր պատկանում, ում համար հայրենիքը, ինչպես եւ հիմա, անգնահատելի արժեք էր: NEWS.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Մուրադ Մնացականյանը պատմեց, որ ոչ մի վայրկյան չի երկմտել՝ գնա՞լ Արցախ, թե՞ ոչ: Հարցն այն էր, որ երկար ժամանակ չէր հաջողվում ընդգրկվել որեւէ ջոկատում.
«Երբ սկսվեց շարժումը, հենց սկզբից մեծ էր ցանկությունս մեկնել եւ օգտակար լինել հայրենիքիս, սակայն տարբեր պատճառներով ինձ չէին վերցնում: Ես ինստիտուտի մեխմաթ ֆակուլտետն էի ավարտել, ուսուցչի որակավորում ունեմ, բայց ծրագրավորող եմ աշխատել Մերգելյան ինստիտուտում: Շատ անգամներ էի փորձում կամավորական ջոկատների կազմ ընդգրկվել ու մեկնել Արցախ, չէր ստացվում: Միայն 92թ-ին, երբ 32 տարեկան էի, հաջողվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Հրազդանի ջոկատի կազմ ընդգրկվել ու մեկնել Արցախ: Հրամանատարս Ալբերտ Ալավերդյանն էր՝ լեգենդար հրազդանցի Աբոն՝ Շուշիի առանձնակի գումարտակի վաշտապետը: Նա ոչ միայն հրամանատար էր, այլեւ` ընկեր: Հենց ջոկատի կազմում մասնակցել եմ Շուշիի ազատագրման մարտերին»,-պատմեց Մուրադ Մնացականյանը:
Վերջինը շատ բան չի պատմում պատերազմից, անհամեստություն է համարում նաեւ բարձրաձայնել իր կատարածի ու արածի մասին, բայց շեշտում է, որ հայրենասիրությունն ու համախմբումը յուրաքանչյուր հայի ներսում է. «Ինչպես այն ժամանակ, երբ դեռ չկար կանոնավոր բանակ, այնպես եւ այսօր, օրհասական պահին մեր ազգը միանգամից համախմբվում է ու դառնում բռունցք: Ճիշտ է, այսօր խնդիրները շատ են, մենք դժգոհում ենք իշխանություններից, քաղաքականությունից, մեր խնդիրներից, երբեմն նաեւ մեր երկրից, բայց սա մեր հողն ու ջուրն է, ինչպես նախկինում, այսօր էլ պարտավոր ենք պաշտպանել մեր երկիրը, մեր հողն ու ջուրը, մեր տունը, ընտանիքը: Ու այդ գիտակցումով էինք մենք այն ժամանկ մեկնում, հիմա՝ մեր տղաները»,-ասաց նա:
Ապրիլյան պատերազմի ժամանակ եւս Մուրադ Մնացականյանը իր ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ. «Այս պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ազգը միասնական է, որ այսօրվա զինվորները, կամավոր գնացած տղաները նույն ու դեռ մի բան էլ ավելի մեծ հայրենասիրություն ունեն իրենց մեջ ու դա ինձ, անկեղծ, շատ է ուրախացնում: Այն ուժը, որ տարիներ առաջ ցույց տվեցին կամավորական ջոկատների տղաները, այսօր նույնը անում են արդեն կազմավորված հայոց բանակի զինվորներն ու սպաները»:
Նշենք, որ ընկերները Մուրադին «Մրո» էին ասում, երբեմն նաեւ «կոմպյուտեր» ինչպես ինքն է ասում. «Ասոցացնում էին Ձորի Միրոյի հետ»:






























