Հայաստանը կարեւոր է համարում համագործակցությունը ԵՄ-ի հետ դատաիրավական բարեփոխումների ոլորտում: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Հարությունյանը նախեւառաջ շնորհավորել է ներկաներին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ այն որակելով առկա համագործակցության խորացմանն ուղղված նշանակալի քայլ եւ շնորհակալություն հայտնել ԵՄ գործընկերներին համատեղ ծրագրերի իրականացման համար:

Վասիլիս Մարագոսը կարեւորել է Հայաստանի հետ արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլ հարցերի:

 Նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցության կարեւորությունն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: