ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսի համար գաղտնի ճեպազրույց է անցկացրել ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցերով: Այս մասին նշված է Սենատի արտասահմանյան գործերով կոմիտեի անդամ դեմոկրատ Բեն Քարդինի հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օրենսդիրը հիշեցրել է, որ ամերիկյան գործող օրենսդրության համաձայն՝ Վաշինգթոնը պետք է պատժամիջոցներ սահմանի այն անձանց դեմ, «որոնք նշանակալից գործարքներ են իրականացնում ռուսական պաշտպանական եւ հետախուզական հատվածների հետ», եթե այդ անձինք, իհարկե, չգնան գործարքների ծավալների «էական կրճատումների»:

Նա քննարկումների մանրամասներ չի հայտնել: «ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի այս պատժամիջոցները մտցնելուն օրենքի ակնհայտ խախտումների դեպքում: Վարչակազմն իր ջանքերը չպետք է դադարեցնի, եւ ես այս հարցով հաճախակի եւ կանոնավոր երկխոսություն եմ ակնկալում»,- նշել է Քարդինը: