Գրող, սցենարիստ Վահրամ Սահակյանը այն հազվագյուտ մարդկանցից է, ով չի սիրում Նոր տարին ու  չի հավատում Ձմեռ պապի գոյությանը (մինչդեռ Ձյունանուշի գոյությանը հավատում է), խմում է ոչ թե տոն օրերին, այլ տոներից առաջ ու իր ձեւակերպմամբ՝ «կայծեր է բռնում» նրանց վրա, ովքեր այդ օրերին խմում են: Ներկայացնում ենք NEWS.am-ի հարցազրույցը նրա հետ:  

Պարոն Սահակյան, ինչպես եք դիմավորում Նոր տարին: Ստանդա՞րտ՝ ինչպես ավանդաբար դիմավորում է հայ ժողովուրդը, թե՞... 

Ընդհանրապես լուրջ չեմ վերաբերվում Նոր տարվա տոներին: Ես ոչ մի Նոր տարի չեմ խմում, որովհետեւ պրիմիտիվ մարդ չեմ: Թող մյուսները խմեն, մենք կայծեր բռնենք վրաները: Մենք՝ ես ու իմ հատուկենտ ընկերները, խմում ենք մինչեւ Նոր տարի, իսկ բուն տոնական օրերին պետք է դիտարկել, թե կենաց խմողները ոնց են այլանդակվում, մանավանդ որոշ խավի մարդիկ: Իսկ ամենածիծաղելի խավերը դրանք ամենաանապահովներն եւ ամենաապահովվածներն են: Նրանց խոսքերն ու կենացները միշտ կրկնվում են, բայց այդ կրկնությունների մեջ միշտ կարելի է հետաքրքիր բաներ գտնել ու դրանք օգտագործել հետագա ստեղծագործությունների մեջ՝ որպես ապուշության ու տափակության բացառիկ նմուշներ: Ընդհանրապես, հայկական կենացները հնարավոր չէ վերամշակել եւ update անել:

Նման մի տափակ կենաց կհիշե՞ք:

Դրանք այնքան շատ են, որոնք հիմնականում վերաբերում են Աստծուն: Ասենք՝ «խմենք մեր Աստծո կենացը, որ իրա գործերը լավ էթան, քանի որ եթե իրա գործերը լավ էթան, մեր գործերն էլ լավ կեթան»: Ահա այսպիսի տափակ բաներ: Ընդ որում՝ նման կենացներ են խմում բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց հետ նույն սեղանի շուրջ  նստելու առիթ եմ ունեցել: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները հիմարություններ են դուրս տալիս նաեւ ամբիոնից, եւ նրանց կյանքը  «День сурка» կինոնկարն է հիշեցնում, քանի որ ինչպես ֆիլմի գլխավոր հերոսի, այնպես էլ այդ պաշտոնյաների  ամեն օրը նույնությամբ կրկնվում է: Ես խղճում եմ այդ մարդկանց, իսկ Նոր տարում՝ առավել եւս:

Ինձ նյարդայնացնում է նաեւ այն երեւույթը, որ Նոր տարում տունդ են գալիս մարդիկ, ովքեր ամբողջ տարի չեն հիշել քեզ. Նոր տարվա առավոտյան նրանք գալիս են ու վերջ, էլ չես տեսնի նրանց, ու մեկ էլ կերեւան հաջորդ Նոր տարի:

Հայերը նաեւ մի վատ սովորություն ունեն՝ Նոր տարին  ոչ թե տոն դարձնել, այլ տառապանք, իսկական տառապանք: Այլ ազգեր Նոր տարին դիմավորում են ռեստորաններում, սրճարաններում, իսկ մերոք նստում են տանը ու տանջվում: Բոլորի սեղանին նույն ուտելիքն է, նույն խմիչքը, անընդհատ սեղանը թարմացվում է, ճոխացվում եւ այսպես շարունակ: Դա արդեն տոն չէ, այլ...Դրա համար է, որ ես չեմ կարողանում ներկա լինել այնպիսի սեղանների շուրջ, որտեղ չորս հոգուց ավելի մարդ կա: Ամեն ավելացող մարդու հետ ես «Վալերիանա» եմ խմում կամ հանգստացնող ու հոգեմետ որեւէ այլ դեղ:

Պարոն Սահակյան, Դուք հավատու՞մ եք Ձմեռ պապի, Ձյունանուշի գոյությանը:

Ձեր հարցը ձեր դուրը գալի՞ս է: Ես ո՞նց կարող եմ հավատալ Ձմեռ պապին:

Ինչու՞, շատ մարդիկ հավատում են:

Իսկապե՞ս, ասենք, ԱԺ նախագահը հավատու՞մ է: Չնայած  ինձ թվում է, որ նա կհավատա, հատկապես, որ Պապը նվերներ է բերում: Նշանակում է ՝ նրա աճը չորս տարեկանից հետո դադարել է, եւ հետո՝ չի կշտանում տարվա մեջ իրեն տրված նվերներից ու մտածում է, որ նորից պիտի բերվի: Փաստ է, որ ինչքան մարդը չի աճում, այնքան աճում են նրա փողերը:

Ձյունանուշի մասին ի՞նչ կասեք:    

Այսպես ասեմ՝ ես մի քանի ձյունանուշիկներ ունեմ: Ավելի ճիշտ, կան մի քանիսը, ովքեր Նոր տարում կարող են ձյունանուշիկի «օբլիկով» հանդես գալ:

Պարոն Սահակյան, ի՞նչը կուզեիք փոխել անցնող 2010 տարում եւ չէիք ուզենա, որ կրկնվեր եկող տարի:

Ոչ մի բան չէի ուզենա փոխել, որովհետեւ ինչքան փոխես, այնքան վատ բան կստացվի. ասածս «սենց էլ մնա՝ լավ ա» շարքից է:   

Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք 2011 թվականից, որը ճագարի տարի է:

Ոչ մի ակնկալիք: Ինչի տարի ուզում է լինի՝ մեկ է, մեզ մոտ դա լինում է տավարի տարի:  Ես ոչ մի լավ բան ոչ սպասում եմ, ոչ էլ ակնկալում: Գնալով մեզ մոտ ամեն ինչ վատանում է, հատկապես հեռուստատեսությունը: Դրա համար էլ ես ոչ միայն Նոր տարվա օրերին հեռուստացույցն եմ անջատում, այլ նաեւ լարն եմ հանում հետեւից, որ հանկարծ մեկը պատահաբար չմիացնի հեռուստացույցը: Այսօր եթերում այլանդակություն է կատարվում: Դա ես համարում եմ հեռուստաընկերությունների կողմից ժողովրդի դեմ կատարվող հանցագործություն, քանի որ չի կարելի հանուն ռեյտինգի դնել ու փչացնել մարդկանց: Ռեյտինգի հետեւից վազողը մարմնավաճառի որդի է:

Լավ, Ձեր մաղթանքները հայ ժողովրդին:

Առաջին մաղթանքս՝ հեռուստացույց մի նայեք: Երեխաները մեղք են, թող տափակ սերիալներն ու ռաբիզ երգերը չլսեն, սխալ չձեւավորվեն:  Ես մաղթում եմ, որ բոլորն անջատեն հեռուստացույցները ամսի 31-ից սկսած մինչեւ հունվարի 15-ը: Եւ եթե հնարավոր է՝ հեռուստացույցը միացնեն ամսի 15-ից հետո, թեեւ դրանից հետո էլ այլանդակությունները շարունակվում են: Եթե առանց հեռուստացույցի չեն պատկերացնում իրենց կյանքը, ապա թող գոնե նայեն ռուսական ալիքներ, դրանք գոնե չարյաց փոքրագույնն են: Իսկ եթե հնարավորություն ունեն՝ թող ինտերնետով դիտեն իրենց ուզած բաները եւ կարդան իրենց ցանկալի նորություններ:  

Ինչ կմաղթեք իշխանությանը:

Կմաղթեմ, որ մի քիչ խելոք լինեն, էլի, այսպես երկիր չեն կառավարում:

Իսկ ընդդիմությա՞նը:

Ոչ մի բան: Դաստիարակությունս թույլ չի տալիս:

Իսկ լրագրողների՞ն: 

Կմաղթեմ, որ հարմարվեն այսօրվա իրականությանը, այլ ոչ թե խորհրդային ժամանակների մտածողություն ունենան: Թող լինեն արհեստավարժ, իրենց հարցերի մեջ լինեն կոռեկտ, եւ թարգը տան այսպիսի հարցերի՝ ո՞րն է ձեր լուսավոր կետը, ո՞րն է ելքը եւ այլն, եւ այլն: Դրանք բրեժնեւյան ժամանակների հարցեր են: Իսկ Բերժնեւը վաղուց մահացել է, նրա ժամանակներն էլ անցել են: Թատրոններին էլ մաղթանքներ ունեմ. թող ձենները կտրեն, եթե կարող են՝թող աշխատեն, իսկ եթե ոչ՝ մշակույթի նախարարությունից թող ոչ մի բան չպահանջեն: Նախարարի Ամանորը նույնպես շնորհավորում եմ, ու մաղթում եմ, որ չխառնի թատրոնների գործերին:

Իսկ ինքներդ ձեզ ի՞նչ կմաղթեք:        

Որ այս տարի էլ հանգիստ, խաղաղ ապրեմ տանը, ապրեմ իմ երաժշտությամբ, ֆիլմերով ու գործընկերներիս ընկերակցությամբ: Ես ունեմ աշխարհի լավագույն հիթերի, լավագույն կինոնկարների հավաքածուներ, եւ ապրում եմ դրանք վայելելով: Շնորհավորում եմ նաեւ  NEWS.am-ին, քանի որ դուք նորմալ ու զուսպ կայք եք:

 

 Զրույցը՝ Հեղինե Մանուկյանի