«Եթե Ձմեռ Պապ չլիներ, ապա այդ կերպարը ստեղծելը անհրաժեշտություն կլիներ հասարակության համար, այնպես ինչպես որ Աստծուն ստեղծելը»,-NEWS.am-ի թղթակցի հեր զրույցում ասաց մասնագիտությամբ բժշիկ, զբաղմունքով՝ քաղաքական գործիչ, «Մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանը:

Նա հավատում է ամանորի հրաշքներին եւ ընդհանրապես՝ Ամանորի հետ կապված ամեն ինչին վերաբերում է փիլիսոփայորեն (հավանաբար մասնագիտական թերություն է):

Ձմեռ պապից պարոն Հակոբյանը պաշտոն ու փող չի ուզում, քանի որ, իր իսկ խոսքով մանկուց նողկանք է զգացել պաշտոնների եւ պաշտոնամոլների հանդեպ: «Ես մինչեւ հիմա պաշտոն չեմ ունեցել, իմ ծնողներն էլ չեն սիրել: Պաշտոնամոլությունը, կարիերիզմը գենետիկորեն խորթ է ինձ: Մայրս մեզ միշտ դաստիրարակում էր, ասելով՝ հզոր է այն մարդը, ով առանց պաշտոնի եւ պաշտոնեական դիրքի է մեծարվում եւ ընդունվում հասարակության կողմից: Եթե ես պաշտոն ուզենայի, կգործակցեի որեւէ քաղաքական թիմի հետ եւ մի բանի հասած կլինեի: Բայց ես պայքարում եմ՝ առանց պաշտոն ստանալու ակնկալիքների»,-հայտարարեց Հակոբյանը: Նա Հոմերոսի հերոսներից մեկի՝ Աքքիլեսի պես միշտ ցանկացել է ոչ թե երկար ու անփառունակ, այլ կարճ ու վառահեղ կյանքով ապրել: Հաջողվել է, թե չէ՝ հասարակությունը պիտի դատի:

«Մարքսիստական կուսակցության» առաջնորդը թեեւ սեր չունի պաշտոնի նկատմամբ, սակայն փոխարենը մեծ է նրա սերը համեղ ուտելիքների հանդեպ: Նա խոստովանեց, որ «գուրման» է, եւ նախընտրում է մսեղենը: Նոր տարվա սեղանի իր սիրելի ուտեստներն էլ հենց մսեղենից պատրաստված խորտիկներն են: Մարքսիստը, սակայն, չի մոռանում Շեքսպիրի հանճարեղ ձեւակերպումը՝ ուտել սիրողների մասին եւ որպես բժիշկ, միշտ հիշում է այն. «Համեղ խորտիկը կողը հաստացնում է, խելքը՝ բթացնում»:

«Հայրս, քանի որ բժիշկ էր, ասում էր, որ կաթ ու մածուն ուտեմ, քանի որ դրանք դադաղեցնում են բջիջների ծերացումը: Իսկ պապս հեգնում էր նրան, ասելով՝ դու բժիշկ ես, բայց կյանքի համը ամենաճիշտն զգում են գիշատիչները»,- ասաց նա:

«Գիշատիչ» (մսակերության իմաստով) Հակոբյանը մաղթանքներ հղեց քաղաքական ուժերին. «Առաջին հերթին՝ չլինել միմյանց նկատմամբ գիշատիչ, չհոշոտել, չհալածել, հոգեբանական տեռորի չենթարկել իրար: Ես այն քաղաքական գործիչներից եմ, որ ամեն մի կուսակցության դուռը կարող եմ բաց սրտով բացել, ճակատ առ ճակատ հանդիմանել, սխալները շեշտել, թեկուզ գռեհիկ ձեւով: Բայց նրանք գիտեն, որ իմ հոգու մեջ մաղձ չկա»:

Դավիթ Հակոբյանը քաղաքականության մասին խոսելիս, բնականաբար չմոռացավ նաեւ քաղաքագիտության հայրերին ոգեկոչել, մասնավորապես՝ Պլուտարքոսին. «Քաղաքական գործչի համար քաղաքական տրիբունը սրբատեղի է, որտեղ ընդհանրապես երկաթ չեն մտցնում: Իսկ ոսկին շպրտում են հրապարակի այն անկյունը, որտեղ չարչիներն են»:

«Ցավոք սրտի, հայ քաղաքական կյանքը այնքան վանդալային է, որ մի մանդատի համար իրար կոկորդ են կրծում»,-ասաց Հակոբյանն ու խորհուրդ տվեց քաղաքական ուժերին 2011 թվականին պայքարել միմիայն գաղափարական զենքերով: