Համատեղ աշխատանքով կարող ենք նոր թափ հաղորդել ՀՀ տնտեսության մեջ չինական կապիտալի ներկայության ընդլայնմանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Էրլունի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետեւողական զարգացումը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է չինաստանցի ներդրողների հետ փոխգործակցության ակտիվացմամբ ու ընդլայնմամբ, եւ երկրում ստեղծված համապատասխան ռեժիմներն ու միջավայրը բարենպաստ են Հայաստանում ներդրումային նոր ծրագրերի իրականացման համար: «Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կարող ենք նոր թափ հաղորդել ՀՀ տնտեսության մեջ չինական կապիտալի ներկայության ընդլայնմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Չինաստանի դեսպանն իր հերթին նշել է, որ ՀՀ-ում 2017 թվականին արձանագրված տնտեսական ցուցանիշները նպաստավոր պայմաններ են ստեղծում նոր հաջողություններ արձանագրելու, տնտեսական կապերի ընդլայնման համար: «Ունենք լավ հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման համար: Մեր երկու երկրների միջեւ 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, առեւտրաշրջանառությունն աճել է 34,5 տոկոսով, ինչը լավ դինամիկա է հաղորդել երկկողմ կապերի աշխուժացմանը»,- ասել է Թյան Էրլունը՝ ավելացնելով, որ Չինաստանի կառավարությունը պատրաստ է կոնկրետ ծրագրերի ուղղությամբ էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ: Դեսպանը տեղեկացրել է, որ Երեւանում չինարենի դպրոցի կառուցման ծրագրի նպատակով հատկացվել է 15 մլն դոլար, բացի այդ՝ չինական կողմի նախաձեռնությամբ ընթացիկ տարում շարունակվելու է Հայաստանի շտապ օգնության ավտոպարկի համալրման ծրագիրը:
ՀՀ վարչապետը եւ Չինաստանի դեսպանը քննարկել են արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:



























