«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչպես նախկինում, սպառնալիք է ներկայացնում Կենտրոնական Ասիայի եւ Եվրասիական տնտեսական միության երկրների համար: Հունվարի 30-ին Երեւան-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ղրղզստանից քաղաքագետ Դենիս Բերդակովը:
Նա նշեց, որ ԻԼԻՊ-ի նախկին գրոհայիններն արդեն այսօր կուտակվում են Ղրղզստանին հարեւան երկրներում, առաջին հերթին՝ Աֆղանստանում, որը սահմանակցում է Թուրքմենստանին, Ուզբեկստանին եւ Տաջիկստանին: «Չի կարելի ասել, թե քանի որ ԻԼԻՊ-ականները Սիրիայի տարածքից հեռացել են, ապա Կենտրոնական Ասիայի եւ ԵՏՄ երկրներում նրանց տարածման սպառնալիքը նվազել է: Ներկայումս հայտնի է թալիբների եւ ԻԼԻՊ-ի միջեւ ռազմական բախումների մասին, բայց կարծում եմ, որ նրանք ընդհանուր լեզու արագ կգտնեն»,- ասաց Բերդակովը:
Նրա կարծիքով՝ երկրի համար սպառնալիքը չի նահանջել նաեւ այն պատճառով, որ վերջին տարիներին Ղրղզստանում իրենց դիրքերը զգալիորեն ամրապնդել են տարբեր կրոնական կազմակերպությունները, եւ այսօրվա դրությամբ երկրում մզկիթների թիվն անցնում է դպրոցների թվից: «Սա տագնապահարույց է, քանի որ դրանք անվերահսկելի են աշխատում, տագնապ է հարուցում նաեւ այն, որ Ղրղզստանում պաշտոնապես թույլատրված 53 կրոնական կազմակերպություններից, ավելի քան 20-ը Ռուսաստանում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում եւ Ղազախստանում արգելված են:
Նրա խոսքով՝ Ղրղզստանի համար սա շատ ցավոտ եւ հրատապ հարց է, քանի որ վերջին 2 տարիներին երկրում ահաբեկչական հարձակումներն արդեն հաճախակիացել են: «Հիշենք չինական դեսպանատան դարպասների մոտ տեղի ունեցած պայթյունը, առանձին ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրավիճակի ապակայունացման փորձերը, իսկ տառացիորեն օրերս Ազգային անվտանգության կոմիտեն ահաբեկչական կազմակերպությունների 3 ակտիվ անդամի ձերբակալեց»,- եզրափակեց Դենիս Բերդակովը:




























