Հայաստանում հանրային վայրերում ծխելու համար խիստ տուգանքներ են ցանկանում սահմանել: Հունվարի 31-ին Երեւան-Թբիլիսի-Բիշքեկ-Քիշնեւ տեսակամրջի ժամանակ նման կարծիք է հայտնել «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով՝ բնակչության համար անընդունելի բարձր տուգանքները չեն կարող ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոց լինել:

«Ես ծխախոտի կողմնակից չեմ, ինքս երբեք մոլի ծխող չեմ եղել, բայց կարծում եմ, որ արգելքով մարդկանց չես ստիպի հրաժարվել այս սովորությունից. քարոզչության եւ մոտիվացիայի մեթոդներն ավելի լավ արդյունքներ կտան, քան տուգանքները, որոնք չգիտես ով եւ ումից է գանձելու», - նշեց ՀԿ-ի ղեկավարը՝ հավելելով, որ Հայաստանում հասարակական տրանսպորտի մեջ ծխելը արգելված է, բայց ոչ մի վարորդ չի տուգանվել:

Նա նշեց, որ ծխելը կամ ոչ թե ծխելը յուրաքանչյուր մարդու անձնական իրավունքն է եւ արգելքներով ու խիստ սահմանափակումներով ստիպել հրաժարվել այս կախվածությունից հնարավոր չէ, այստեղ ավելի լավ կաշխատեն մարդկային մեթոդները` բացատրություններն ու խրախուսումները, օրինակ՝ կազմակերպություններում չծխողների աշխատավարձերի բարձրացումը: Շատ լավ կլիներ նաեւ արգելել ծխախոտի համատարած վաճառքն ու ծխելու համար հատուկ վայրեր առանձնացնել:

Իր հայաստանցի գործընկերոջ հետ չհամաձայնեցին տեսակամուրջին մասնակցող ծխախոտի դեմ պայքարի կազմակերպությունների այլ ներկայացուցիչները: Վրաստանի «Ծխախոտի վերահսկման դաշինք» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Բախտուրիձեն, մասնավորապես, կարծում է, որ հենց խստագույն տուգանքները կստիպեն մարդկանց թողնել ծխելը, իսկ իշխանությունները պետք է ուժեղ քաղաքական կամք դրսեւորեն:

«Հասկացեք, մենք պայքարում ենք ոչ թե ծխողների, այլ ծխելու դեմ՝ հիվանդության, որը համեմատելի է թմրամոլության հետ»,- ասաց Բախտուրիձեն՝ հավելելով, որ առաջնահերթությունը պետք է տրվի բնակչության շահերին, այլ ոչ թե՝ ծխախոտային ոլորտին:

Բիշքեկի եւ Քիշնեւի ներկայացուցիչները նաեւ նշեցին, որ չարժե ապավինել ծխողների կողմից գիտակցական դրսեւորումներին, հատկապես՝ երիտասարդների եւ երեխաների շրջանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը «Ծխախոտի արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխման մասին» նոր օրինագիծ է նախապատրաստել, որը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հայ հասարակության շրջանում: Օրենքի նախագիծը  ծխելու արգելք է նախատեսում բոլոր փակ տարածքներում՝ ներառյալ գրասենյակները, բարերը եւ ռեստորանները, ինչպես նաեւ տրանսպորտը, կայարանները, օդանավակայանները եւ ավտոբուսի կանգառները: Օրինագիծը նաեւ առաջարկում է բարձր տուգանքներ սահմանել օրենքի խախտման համար՝ 50-500 հազար դրամի սահմաններում: