Հայաստանի Դատավարության օրենսգրքից հանվել են օրենսդրական կարգավորումները, որոնք նախատեսում էին փաստաբանների դեմ դրամական տուգանքների ձեւով պատժամիջոցների կիրառում: Այս մասին հունվարի 31-ին ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս հարցը կկարգավորվի մոտ ժամանակներս եւ վերջնական տարբերակով կմտցվի Դատավարության օրենսգիրք:

Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԱԺ-ում 1-ին ընթերցմամբ ընդունվեց Դատավարության օրենսգրքի նախագիծը, որով դատավորներին հնարավորություն էր ընձեռվում փաստաբաններին 100 հազար դրամով տուգանել: Սա հանգեցրեց նրան, որ մոտ հազար փաստաբաններ հայտարարություն տարածեցին՝ ԱԺ-ից եւ կառավարությունից պահանջելով  բացառել դրամական տուգանքի ձեւով դատական պատժամիջոցների հնարավորությունը: