Ազգային ժողովի պետաիրավական  հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում մերժեց Գեղամյան-Փաշինյան միջադեպի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին «Ելքի» նախագիծը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նախ առարկություն հայտնեց նախագծի ձեւակերպման կապակցությամբ՝ նշելով, որ կանխակալ վերաբերմունք կա. «Գեղամյանի անմեղության կանխավարկածն է խախտվում, բա որ հանձնաժողովը հետագայում պարզի, որ ոչ թե Գեղամյանն է հարձակվել Նիկոլ Փաշինյանի վրա, այլ Փաշինյանն է հարձակվել»:

Ըստ Կոստանյանի՝ քանի  որ հարձակումը ենթադրում է բռնություն, ապա դա քրեաիրավական հարթությունում պետք է լուծվի։ Ռուստամ Մախմուդյանն էլ ասաց, որ ինքը դեմ է, որ նախագծի վերնագրում հենց գրված է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի անունը, մինչդեռ ավելի լավ կլիներ ամսաթվով լիներ՝ 2017-ի հոկտեմբերի 5-ի միջադեպի հետ կապված հանձնաժողով. «Անմեղության կանխավարկածը խախտում ենք եւ մեղադրում ենք Արտաշես Գեղամյանին, որ ինքը թույլ է տվել պատգամավորական էթիկայի կանոնների խախտում: Գնահատական տալ չեք կարող, հանձնաժողովի անդամները պիտի ասեն՝ մենք կաշկանդված ենք այս վերնագրով»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հակադարձեց,  թե ամսաթվով գրելու դեպքում լղոզվում է իրականությունը եւ վատ նախադեպ է ստեղծվում։ «Ասում եք, որ ամսաթվով գրենք, այդ օրը կարող է մի քանի հատ ավարիա է եղել, մեկի ոտը ոլորվել է ճաշարանում, մեկը մեկի քամած մածունն է կերել, ես ինչ իմանամ՝ ինչ է եղել: Մենք ասում ենք, որ տեղի է ունեցել պատգամավորի հետ կապված լուրջ միջադեպ»: Մախմուդյանն էլ մեջբերեց Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա նշել էր, որ Գեղամյանի հարձակումից հաջողությամբ պաշտպանվել է եւ մի երկու անգամ էլ կոշիկները փայլեցրել իրենով. «Հիմա սա պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտման փա՞ստ է, թե՞ ոչ»:  Մարուքյանն առաջարկեց, որ Փաշինյանի կոշիկները Գեղամյանի վրա փայլեցնելու դեպքի առիթով նախագիծ ներկայացնի ՀՀԿ-ն: