Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությանը: Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթեւեկությամբ նոր ճանապարհի այս հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթեւեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում, նախագծի վրա քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ ճանապարհը կունենա 3 ուղեանց՝ Օհանով, Տիչինա փողոցներում, եւս մեկն էլ` Չաուշ-Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաեւ 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, նաեւ տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի եւ Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Շինարարական աշխատանքների ընթացքում երթեւեկելի գոտուց ամբողջությամբ կտեղափոխվեն բոլոր անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:

Նշվել է նաեւ, որ կառուցվող նոր ճանապարհը լինելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով:

Ճանապարհի հիմնարկեքի արարողության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իտալական «Տիրենա Սքավի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ջիաքոմո Լոմբարդիի հետ ստորագրել են նոր ճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որը տեղադրվել է նոր կառուցվող ճանապարհի հիմքում:

Ընդգծելով մայրաքաղաքում վերջին տարիներին իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի իրագործման կարեւորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այդ ծրագրերը լինելու են շարունակական:

 «Մայրաքաղաքի կենտրոնի եւ գլխավոր փողոցների ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարեւոր առաջնահերթություն է, եւ այդ ուղղությամբ մի շարք նպատակային ծրագրեր ենք իրականացնում: Այս համատեքստում Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակեցինք եւ փուլ առ փուլ կյանքի ենք կոչում Երեւանի արեւմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագիրը: Այսօր տվեցինք այդ ճանապարհի ամենաերկար եւ կարեւոր հատվածներից մեկի՝ Բաբաջանյան փողոց-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը, որն Աջափնյակ վարչական շրջանը կապելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին: Ուզում եմ ուրախությամբ նշել, որ երկու տարի անց մեր համաքաղաքացիներին կհանձնենք որակապես միանգամայն նոր ու հարմարավետ ճանապարհ: Եվ արդեն 2020 թվականի սկզբին կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող, շուրջ 23 կմ երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխան ճանապարհ, որը իրար կկապի Երեւանի հյուսիսային եւ հարավային մուտքերը՝ տրանսպորտային հոսքերից զգալիորեն բեռնաթափելով քաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները», - ընդգծել է Երեւանի քաղաքապետը:

Ճանապարհաշինության բնագավառում ավելի քան 44 տարվա փորձառություն ունեցող «Տիրենա Սքավի» ընկերության լիազոր ներկայացուցիչ Ջիաքոմո Լոմբարդին էլ իր հերթին նշել է, որ սա Երեւանում իրենց առաջին ծրագիրն է, ինչի համար ուրախ են եւ վստահ, որ վերջնարդյունքը կգոհացնի քաղաքային իշխանությանն ու մայրաքաղաքի բնակիչներին: Ջիաքոմո Լոմբարդին ընդգծել է նաեւ, որ կառուցվելիք ճանապարհը լինելու է  լավագույնը: