Հայաստանը բացառիկ երկիր է՝ շնորհիվ իր սփյուռքի գոյության: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ճանաչված կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, որը այցով գտնվում է Երեւանում:
Նրա խոսքերով, հայկական սփյուռքի գոյությունը Հայաստանը դարձնում է կոսմոպոլիտ երկիր, որը տարբերվում է հարեւան պետություններից: «Ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը չունեն նման բնորոշ գծեր»,- ընդգծեց նա: Կինոռեժիսորի խոսքերով, դա նկատելի է նաեւ այն ներդրումներից, որ արվում են շինարարության մեջ, քանի որ ակնհայտ է, որ այդ միջոցները գոյացել են ոչ այստեղ: Հայկական մշակույթը, նրա կարծիքով, ունիվերսալության ավելի մեծ շանսեր ունի, գրեթե ինչպես հույներն ու հրեաները, որոնց երբեմն հաջողվում է դուրս գալ իրենց մշակույթի շրջանակներից:
Զանուսին նկատեց, որ անձամբ ծանոթ է մի քանի սկսնակ հայ ռեժիսորների, որոնք ընդունվել են Անջեյ Վայդայի Բարձրագույն դպրոց, ինչպես, օրինակ՝ Վահրամ Մխիթարյանը: «Եթե ինձ հաջողվի ինչ-որ հարցում օգտակար լինել Հայաստանին, ես չափազանց ուրախ կլինեմ»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է հայկական կինոնկարներին, Զանուսին ցավով նշեց, որ լավ չգիտե դրանք: Նա հիշեցրեց, որ խորհրդային շրջանում Լեհաստանում ցուցադրված բոլոր ֆիլմերը, անկախ նրանից, թե ուկրաինական էին, վրացական, կամ հայկական, թարգմանվում էին ռուսերեն: «Մենք դրանք ընկալում էինք որպես խորհրդային եւ չէինք կարողանում տարբերակել»,- նկատեց նա:
Խոսելով Հայաստանում իր առաքելության մասին, հատկապես վարպետության դասընթացներից, որ նա անկացնում է արդեն 4-րդ անգամ, ռեժիսորը շեշտեց, որ իրականում չգիտե, թե ինչ է սպասում իր աշակերտներից, եւ ինչ են նրանք պահանջում իրենից: Սակայն ընդգծեց, որ եթե իրեն հաջողվի նրանց մեջ սեփական մշակույթի ունիվերսալությունը սերմանել, դա կլինի մեծագույն ձեռքբերումներից մեկը:




























