Վիրջինիայի եւ Պերդյուի (Ինդիանա) համալսարանների հոգեբանները հաշվարկել են, թե որքան գումար է Երկրի բնակչին անհրաժեշտ տարեկան վաստակել երջանիկ լինելու համար: Պարզվել է, որ մարդուն լիարժեք բավարարվածության համար տարեկան 95 հազար դոլար է հարկավոր: Սակայն 60-75 հազար դոլարը եւս թույլ կտա նրան շատ չանհանգստանալ ապագայի համար, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Բնականաբար, տարբեր երկրներում այս գումարը տարբեր է: Ավստրալիացիներին երջանկության համար տարեկան 125 հազար դոլար է հարկավոր, Հյուսիսային Ամերիկայի բնակիչներին՝ 105 հազար դոլար, Արեւմտյան Եվրոպայում՝ 100 հազար դոլար, մինչդեռ Արեւելյան Եվրոպայում օպտիմալ մակարդակը շատ ավելի ցածր է՝ տարեկան 45 հազար դոլար, Հարավային Ամերիկայում՝  ավելի քիչ՝ 35 հազար դոլար:

Գիտնականները վերլուծել են Gallup  խորհրդատվական ընկերության գլոբալ վարկանիշի տվյալները 164 երկրի 1.7 միլիոն բնակչի շրջանում եւ համեմատել են եկամուտների մակարդակը կյանքից բավարարվածության մակարդակի հետ: Որքան ավելի շատ են եկամուտները գերազանցում օպտիմալ մակարդակը, այնքան մարդն ավելի քիչ է վայելում կյանքը, նշում են հետազոտության հեղինակները: