ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական  կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի եւ կառավարության հայազգի անդամներին։

Հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ինչպես նաեւ հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։

Ա. Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման, երկրի բնականոն զարգացման, հայ հանրության միասնականության ապահովման իր տեսլականը: Նա հանգամանալից անդրադարձ է կատարել ձեռնարկվելիք քայլերի առաջնահերթություններին:

Հանդիպման մասնակիցները հարցադրումներ են կատարել իրենց հուզող խնդիրների շուրջ, որոնց տրվել են պարզաբանումներ:

Հանդիպումն անցել է ջերմ, գործնական մթնոլորտում` առաջիկայում համակարգված քայլերի ձեռնարկման հրամայականի շեշտադրմամբ:

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը  փետրվարի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը ներկա է գտնվել դեսպանության եւ Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության ներկայացուցչության կողմից կազմակերպված Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված Զոհրաբ Մարգարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։

Իր ելույթում Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախյան հերոսամարտի վճռորոշ նշանակությանը հայ պետականության վերականգնման արշալույսին: Նա արժեւորել է ազատամարտիկների հերոսական ինքնազոհությունը եւ նվիրումը հայ ժողովրդի ազատության եւ անկախության գաղափարների իրականացմանը: Ա. Սարգսյանը շեշտադրել է, որ չնայած ձեռք բերված հաղթանակներին, Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները դեռեւս բազում են եւ դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք եւ հավաքական ջանքի ներդրում: