ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ, փետրվարի 25-ին, մի խումբ ազատամարտիկներ այցելել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, մասնակցել Արցախյան շարժման 30-րդ եւ ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձերին նվիրված միջոցառմանը:

Միջոցառման մեկնարկից առաջ ազատամարտիկները ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ միասին Հաղարծինի վանական համալիրում մասնակցել են Սուրբ պատարագին:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կազմակերպված հանդիսության ընթացքում ազատամարտիկներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրի հիմնական ուղղությունները, զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների ընթացքը, անդրադարձել «Ազգ-բանակ» գաղափարի ռազմավարությանը, «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի մանրամասներին, դրանց նպատակներին ու ակնկալվող արդյունքներին:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ 2018 թվականին եւս, բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակում, պաշտպանության նախարարությունը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Նոր ծրագրեր կիրականացվեն հատկապես սոցիալական, կրթական, ռազմարդյունաբերության ոլորտներում:

Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը գերատեսչական պարգեւներ է հանձնել մի շարք ազատամարտիկների: