ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Բեյրութում այցելել է Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկե եկեղեցի եւ հանդիպել Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս-Պատրիարքի, հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր, քաղաքական, կրթական, ազգային գործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Տանն Կիլիկիո Կաթողիկէ եկեղեցու մայր հայրենիքում հոգեւոր, կրթական, բարեգործական գործունեության բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:

Ամենապատիվ Տերը հաջողություն է մաղթել պարոն Արմեն Սարգսյանին իր կարեւոր եւ պատասխանատու առաքելության մեջ՝ շեշտելով, որ Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկե եկեղեցին միշտ պատրաստ է իր ներդրումն ունենալու Հայաստանի Հանրապետության զարգացման ու զորացման գործում:

Նույն օրը Արմեն Սարգսյանը հանդիպել է Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական Եկեղեցու կենտրոնական մարմնի նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի, կենտրոնական մարմնի ատենապետ եւ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի դոկտոր Հայդոստյանի, Ավետարանական համայնքի հոգեւոր, կրթական, ազգային գործիչների հետ: Վերապատվելի Կարագյոզյանը Արմեն Սարգսյանին  ներկայացրել է աշխարհասփյուռ հայ ավետարանական համայնքի կենտրոնները եւ նրանց հոգեւոր, գիտական, կրթական գործունեությունը: Վերապատվելի դոկտոր Հայդոստյանն իր հերթին ներկայացրել է սփյուռքի միակ հայկական համալսարանի գործունեությունը, Հայաստանի Հանրապետության հետ սերտ համագործակցության ոլորտները:

Հանդիպման ավարտին հայ ավետարանական համայնքի ղեկավար անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: