Հարավային Կորեայի իշխանությունները պետք է հստակ հասկանան, որ Հյուսիսային Կորեան ներկայումս չի փորձում սեփական միջուկային ծրագրի զարգացումից հրաժարվելու շուրջ երկխոսություն վարել: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեայի հետ ընթացիկ երկխոսությանը, ներառյալ պատվիրակության (հարավկորեական) ուղեւորությանը (Փհենյան), մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ այն ոչ մի կերպ կապված չէ (Հյուսիսի) ապանուկլեինացման հետ»,- ընդգծել է նա: Սուգան նշել է, որ Ճապոնիան շարունակում է Հյուսիսային Կորեայի խնդրով ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ սերտ համագործակցությունը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը Հյուսիսային Կորեա հատուկ պատվիրակություն կուղարկի. ուղեւորության նպատակն է 2 պետությունների մերձեցումը, ինչպես նաեւ Փհենյանի եւ Վաշինգթոնի միջեւ երկխոսության կարգավորումը: Երկօրյա այցով Փհենյան կմեկնեն հետախուզության ազգային ծառայության տնօրեն Սո Հունը եւ Հարավային Կորեայի նախագահին առընթեր ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըյ Յոնը: Սպասվում է, որ այցի ժամանակ նրանք Հյուսիսային Կորեայի առաջնորդին կհանձնեն Հարավային Կորեայի նախագահի նամակը, ինչպես նաեւ կքննարկեն Կիմ Չեն Ընի առաջարկը 2 երկրների ղեկավարների հանդիպում անցկացնելու մասին:



























