ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մարտի 2-ին աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամների հետ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալ Վ. Քոչարյանը, հանդիպմանը ներկա ազգային փոքրամասնությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներին ներկայացնելով նախագծի հիմնական դրույթները, ընդգծել է, որ օրենքն ուղղված է համակարգված ձեւով ամրագրելու ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման մեխանիզմները եւ դրա ընդունումը բխում է նոր Սահմանադրության պահանջից:
Փոխնախարարի խոսքով՝ օրենքի ընդունման նպատակն է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հիմնական իրավունքները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները դրանց իրականացման ապահովման գործում, ինչպես նաեւ կազմավորել ազգային փոքրամասնություններին հուզող հարցերի քննարկման խորհրդակցական մարմին։
Այնուհետեւ, փոխնախարար Քոչարյանը պատասխանել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերին, մանրամասն մեկնաբանել է օրենքի նախագծի առանձին դրույթները, այդ թվում՝ խորհրդակցական մարմնի ձեւավորման կարգի եւ կարգավիճակի վերաբերյալ:
Ամփոփելով քննարկումը՝ Վիգեն Քոչարյանը կարեւորել է օրենքի նախագծի վերաբերյալ ազգային փոքրամասնությունների կարծիքներն ու առաջարկները եւ հորդորել նրանց ներկայացնել արաջարկներ իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում ներկայացված նախագծի վերաբերյալ:



























