Իսրայելը նախկինի պես պատրաստ է պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունների, սակայն նման երկխոսության համար բովանդակալից ծրագիր է անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բեն-Ցվին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ նրա՝ եթե ուղիղ բանակցություններ լինեն, ապա «մենք կարող ենք պաղեստինցիների հետ նստել ցանկացած տեղում եւ խոսել»: «Չէ որ գլխավորն այն չէ, թե որտեղ դա անել, այլ այն՝ թե ինչի մասին խոսել: Հենց սրանում է հարցը: Քանի որ որոշակի ծրագիր է հարկավոր: Ի վերջո, բանակցությունները կողմերի միջեւ առաջարկների քննարկումն է: Մենք արդեն երկու անգամ բարձրաձայնել ենք մեր առաջարկների մասին՝ 2000-ին եւ 2008-ին: Առաջարկել ենք մեծ տարածքների փոխանցում, տարածքների փոխանակում եւ այլն: Եւ պաղեստինցիները երկու անգամ ասել են «ոչ»: Բայց չէ որ մեր երկրում ներքին ճնշում կա. երբ մյուս կողմը տարածքների մեծ մասը ստանալու առաջարկին «ոչ» է ասում, ապա հարց է ծագում, թե ի՞նչ են նրանք ուզում: Չէ որ սա զրոյական գումարով խաղ չէ, սա այն դեպքն է, երբ ես տալիս եմ ամեն ինչ, եւ դու՝ ոչինչ: Եթե այդպես է, ապա համաձայնագիր չի լինի: Այս դեպքում սա ոչ թե win win game է, այլ loose-loose game», - ասել է դիվանագետը:

Նա նշել է, որ Իսրայելը մերձարեւելյան քառյակը տարածաշրջանում կարգավորման միակ ձեւաչափն է համարում, առանց ԱՄՆ-ի արդյունք չի լինի: Նրա խոսքով՝ այժմ պաղեստինցիները «պատրանքներով են ապրում»: «Բայց նրանք ելք չունեն: Քանի որ առանց ԱՄՆ-ի այստեղ ոչինչ չի ստացվի: Գոյություն ունիՌուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ, Եվրամիություն եւ Միավորված Ազգեր քառյակը, սա է բանակցությունների հիմնական ձեւը, եւ այս ձեւաչափի միջոցով կարելի է ինչ-որ բանի հասնել: Առանց ամերիկացիների այստեղ ոչինչ չի ստացվի»,- ասել է Բեն-Ցվին: