«Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը ընտրական մշակույթի առումով որեւէ առաջադիմական նորույթ չի պարունակում: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այդ օրինագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով, Ընտրական օրենսդրությունում կան թիրախային կետեր,  եթե դրանցում փոփոխություն չի կատարվել, մնացածը կարելի է ասել դիզայնի համար է, արտաքին շղարշի համար. «Մասնավորապես, ինչպես գործող Ընտրական օրենսգրքում, այնպես էլ այս օրենքի նախագծում ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին արգելվում է քարոզչություն կատարել իրենց պարտականությունները կատարելիս:

Դատավորներին, դատախազներին, քննչական մարմիներին ծառայողներին, ոստիկաններին, ԱԱԾ աշխատողներին, պետական  ծառայության մյուս որոտում ընդհանրապես չի կարելի, բայց մենք գիտենք, որ նախընտրական շրջանում խախտումները կատարում են ոչ թե դատավոր-դատախազները, քննչական ծառայողները, նրանք հավանաբար ընդհանրապես մասնակցություն չեն ունենում, այլ հիմնական ընտրակեղծարարության բեռը ցավոք դրված է մանկավարժական կադրերի վրա»,-նկատեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:

Հաջորդ թիրախային կետը, ըստ նրա, ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու հիմքերն են. այն է՝ եթե ընտրախախտումները կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա: Գեւորգ Պետրոսյանը նկատեց, որ շատ հաճախ  ընտրությունների արդյունքների հետ համամիտ չլինելով, իրենք չեն բողոքարկում դրանք ՍԴ-ում, քանի որ ՍԴ-ն արձանագրում է խախտումները, բայց ասում է՝ այնուամենայնիվ այս խախտումները չեն կարող ազդել արդյունքների վրա, եւ դրա համար ՍԴ-ն չի բավարարում ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը: