«Կոմերսանտ» պարբերականի նախկին լրագրող Անաստասիա Կարիմովան պատմել է 2006 թվականին Պետդումայի պատգամավորների կողմից սեռական ոտնձգությունների մասին։ Այդ մասին նա հայտնել է Wonderzine պարբերականին, փոխանցում է ՌԲԿ–ն։

«Ես բախվել եմ Պետդումայի պատգամավորների կողմից սեռական ոտնձգությունների խնդրին։ 2006 թվականն էր, ես 18 տարեկան էի։ Արդեն այն ժամանակ աշխատում էի որպես քաղաքական լրագրող, մեկ այլ երիտասարդ լրագրողի հետ մեկնել էինք Հարավային Օսեթիա որպես ընտրությունների դիտորդներ»,–պատմել է Կարիմովան։ Նրա խոսքով, այնտեղ նաեւ Պետդումայի պատգամավորներ կային, որոնք հրավիրել են իրենց «փակ հանդիպման, որտեղ պետք է հանդիպեին հանրապետության նախագահի հետ»։  

Կարիմովան նշել է, որ իրենք խանդավառությամբ պատգամավորների հետ նստել են մեքենան. «Նրանք մեքենայի ետեւի նստատեղին շոյում էին մեր ծնկները, կատակում բանկետը շարունակելու մասին եւ այլն»,–պատմել է Կարիմովան։ Նախկին լրագրողի խոսքով, միջոցառման ժամանակ այդ երկու պատգամավորները հարբել են եւ ակտիվորեն հետապնդել իրենց. «Նրանցից մեկը ձգվեց, փորձեց ինձ համբուրել, բայց կողքին կանգնած էր մեկ այլ պատգամավոր, որը նրա վրա լցրեց կարմիր գինին եւ նա շատ կատաղեց։ Մինչեւ նրանք փորձում էին հարաբերություններ պարզել, մեզ հաջողվեց հեռանալ»,–պատմել է լրագրողը։

Կարիմովան հայտնել է, որ գիտի նաեւ այլ լրագրողների, որոնք սեռական բռնության են ենթարկվել Պետդումայի պատգամավորների կողմից։ «Ընկերուհիներիցս մեկը գործուղման է եղել հայտնի տարածաշրջանային քաղաքական գործչի հետ, որը մտել է նրա սենյակ եւ բռնաբարել»,–պատմել է Կարիմովան։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին «Դոժդ» հեռուստաալիքը պատմել էր Սլուցկոյի կողմից Պետդումայում աշխատող երեք լրագորղուհիների նկատմամբ ոտնձգության մասին։ Ինքը պատգամավորը ՌԲԿ–ի հետ զրույցում հերքել էր այդ։ Նա «Դոժդ»–ի նյութն բնորոշել էր որպես սադրանք։