Ճապոնիայի ռազմածովային ուժերի պատմության մեջ առաջին անգամ կին սպան ստանձնել է մարտական նավերի խմբի հրամանատարությունը: Առաջին կարգի 44-ամյա նավապետ Րյոկո Աձումայի՝ պաշտոնին անցնելու արարողությունը տեղի է ունեցել  Տոկիոյի ծոցում տեղակայված Յոկոսուկա ռազմածովային բազայում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նոր նավապետի ղեկավարության ներքո չորս նավ կլինի, ներառյալ՝ ճապոնական նավատորմի ամենախոշոր «Իձումո» ուղղաթիռակիրը: Դրանց վրա ընդհանուր առմամբ մոտ հազար մարդ է ծառայում: Ներկայումս, ըստ պարբերականների, քննարկվում է «Իձումո»-յի խոր արդիականացման հարցը, որպեսզի այն կարողանա կրճատված թռիչքով եւ ուղղահայաց վայրէջքով F-35B մարտական ինքնաթիռներ ընդունել:

Րյոկո Աձուման  2016 թվականին Ճապոնիայի պատմության մեջ մարտական նավի առաջին կին նավապետն էր դարձել: Վերջին տարիներին երկրի զինված ուժերում ավելի ու ավելի շատ կանայք են ներգրավվում: Մասնավորապես, վերջերս նրանց թույլատրվել է մարտական ինքնաթիռների օդաչուներ դառնալ: