Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին որոշել է նախկին զինծառայողին վնասի փոխհատուցում տրամադրելու գործով որպես համապատասխանող ներգրավել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Նա զինծառայությանը սահմանափակումով պիտանի է  ճանաչվել եւ զորակոչվել 2015 թ. հունվարի 29-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 15-ին զինծառայության ժամանակ հիվանդություն ձեռք բերելու հիմքով զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել եւ վաղաժամ զորացրվել:

Նախկին զինծառայողն ու նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը դատարանում պատճառված վնասի փոխհատուցում են պահանջում Հայաստանի Հանրապետությունից՝ ի դեմ ՀՀ Ֆինանսների նախարարության: Աշխատունակության կորստի համար ՀՀ-ից, հօգուտ նախկին զինծառայողի, պահանջում են բռնագանձել 2015թ. սեպտեմբերի 5-ից յուրաքանչյուր ամսվա համար աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան չափով գումար:

Երեկ կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը միջնորդեց որպես համապատասխանող ներգրավել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարությանը եւ պնդեց, որ  Պաշտպանության նախարարությունը ունի համապատասխան վարչություն, որին տրվում է ֆինանսավորում պետական բյուջեի հաշվին:

Միջնորդության դեմ առարկեց հայցվորի ներկայացուցիչ Ս. Սողոմոնյանը: Նա նշեց, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ նման գործերով փոխհատուցում տալիս է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմ ՀՀ Ֆինանսների նախարարության: Պաշտպանության նախարարությունը փոխհատուցման պարտականություն կարող է կրել միայն օրենքով սահմանված դեպքերում: Տվյալ դեպքում չկա իրավական դրույթ, որի համաձայն՝ զինվորական ծառայության ընթացքում անձի առողջությանը պատճառված վնասը պետք է փոխհատուցի պաշտպանության նախարարությունը: ՀՀ

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պնդեց իր միջնորդությունը եւ պատճառաբանեց, որ Պաշտպանության նախարարությունը ունի համապատասխան վարչություն, որին տրվում է ֆինանսավորում պետական բյուջեի հաշվին, եւ խնդիրը կարող էր լուծվել հայցվորի կողմից Պաշտպանության նախարարությանը դիմելու արդյունքում:

Դրան ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը 2016 եւ 2017 թվականներին ներկայացված դիմումները, որով նախկին զինծառայողը խնդրել է փոխհատուցում տրամադրել: Սակայն Պաշտպանության նախարարությունը պատասխան գրությամբ մերժել է դիմումի պահանջի բավարարումը՝ պատճառաբանելով, որ ՀՀ պետական բյուջեով նմանատիպ դեպքերի համար փոխհատուցման համար նախատեսված ֆինանսական միջոցներ չկան:

Հայցվոր կողմի այս փաստարկը անակնկալի բերեց Ֆինանսների նախարարության ներկայացուցչին: Այնումամենայնիվ նա պնդեց, որ Պաշտպանության նախարարությունն ունի համապատասխան վարչություն եւ պետք է ներգրավվի որպես համապատասխանող:

Դատարանը միջնորդությունը բավարարեց:

Հաջորդ դատական նիստը 2018 թվականի մայիսի 18-ին է՝ ժամը 10.00-ին: