Ուսուցիչներին պետք է ժամանակավորապես արգելվի իրականացնել քարոզչություն: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով, առաջին հայացքից կարող է թվալ, որ դա խտրականություն է նրանց նկատմամբ, բայց դա արդարացված է հետեւյալ հանգամանքով. «Այսօր ՀՀ-ում արդեն իսկ կա խտրականություն, քանի որ ուսուցիչների ավելի քան 90 տոկոսը նույն կուսակցության անդամ է: Քանի դեռ չի վերացել այդ խտրական մոտեցումը, առաջարկում են արգելել ժամանակավորապես ուսուսցիչներին զբաղվել քարոզչությամբ, որովհետեւ այդ կուսակցության անդամները հասարակության մեջ կազմում են 5 տոկոս, մինչդեռ ուսուցչական կազմում 90 տոկոս են»:
Զեյնալյանը համոզմունք հայտնեց, որ ուսուցիչները չպետք է քարոզչությամբ զբաղվեն ոչ աշխատանքի ժամին, ոչ դրանից դուրս:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում քննարկվող «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծով նախատեսվել է, որ Սահմանադրության ընդունման, Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների 1/3-ը եւ կառավարությանը, այլեւ 200 հազար քաղաքացիներ:
Բացի այդ, նախատեսվել է, որ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով կարող է ԱԺ ներկայացվել 50 հազար քաղաքացիների կողմից եւ եթե այդ նախագիծը չի ընդունվում, այդ 50 հազարին գումարվում է եւս 300 հազար քաղաքացի, եւ նախագիծը դրվում է հանրաքվեի:
Երրորդ, նախատեսվում է, որ վերպետական կազմակերպություններին Հայաստանի անդամակցության հարցերը ներառյալ նաեւ այդ կազմակերպություններին անդամակցությունը դադարեցնելուն, ինչպես նաեւ Հայաստանի սահմանների փոփոխության հարցերը պարտադիր դրվում են հանրաքվեի:
Օրենքի նախագիծը սահմանում է հանրաքվեի անցկացման կարգը, այն, թե որ հարցերը կարող են դրվել հանրաքվեի, որոնք չեն կարող, քարոզչության կարգը, դրա ֆինանսավորման հարցերը եւ այլն:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով, հանրաքվեի ժամանակ ձեռնպահի քարոզչության կողմ չեն նախատեսել՝ կամ կողմ պետք է քվեարկեն, կամ դեմ՝ դրա համար խմբերն էլ այդպես են բաժանվելու. «Ստեղծվելու են հիմնադրամներ «այո»-ի եւ «ոչ.-ի: Ձեռնպահի ներառման անհրաժեշտությունը չենք տեսնում»:
Նա նաեւ նշեց, որ անկախ նրանից, թե ինչ ընթացակարգով ենք անդամակցել վերպետական այս կամ այն կառույցին, այս օրենքով սահմանվում է, որ այսուհետ այդ կառույցներից դուրս կարող ենք գալ միայն հանրաքվեի միջոցով:



























