Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչները շարունակում են հանդիպումներն անհայտ կորածների հարազատների հետ՝ օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Հայաստանի պաշտպանության նախարար, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանի կարգադրությամբ՝ անհայտ կորածների ընտանիքների հետ աշխատանքն ակտիվացել է: Ավելի մեծ քայլեր են ձեռնարկվում ընտանիքներին աջակցելու, առողջական խնդիրների լուծմանը նպաստելու, նյութական օգնություն ցուցաբերելու գործում:
Հերթական այցելության շրջանակում մարտի 6-ին Իջեւանում տեղի է ունեցել Հանձնաժողովի ներկայացուցիչների եւ Աշխատանքային խմբի հանդիպումը Տավուշի մարզից անհայտ կորածների հարազատների հետ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում մարզում, ընդհանուր առմամբ, անհայտ կորած է համարվում 15 քաղաքացի:
Անհայտ կորածների հարազատների հետ հանդիպմանը նախորդել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Հանձնաժողովի ներկայացուցիչ, Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի Օպերատիվ վարչության պետական մարմինների հետ սահմանապահ ներկայացուցչության եւ համագործակցության խմբի ղեկավար, գնդապետ Սամվել Ասատրյանի հետ հանդիպումը: Մարզպետի խոսքով՝ անհայտ կորածների հարազատներին ցուցաբերվում է աջակցություն, այսուհետեւ եւս նրանց խնդիրները կլինեն մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Մարզպետը նույնը կրկնել է նաեւ անհայտ կորածների հարազատների հետ հանդիպման ժամանակ՝ առաջարկելով, անհրաժեշտության դեպքում, անձամբ իրեն դիմել: Գնդապետ Ասատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է իրականացվող աշխատանքները եւ պատասխանել անհայտ կորածների հարազատներին հուզող հարցերին:
Ինչպես եւ մյուս մարզերից անհայտ կորածների հարազատներին նախորդ այցելությունների ժամանակ, Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ Իջեւան էին ժամանել ռազմական բժիշկներ: Անհայտ կորածների՝ առողջական խնդիրներ ունեցող բոլոր հարազատները բուժզննում անցնելու հնարավորություն են ստացել: Անհրաժեշտության դեպքում նրանք բուժումը Երեւանում կշարունակեն:
Անհայտ կորածների հարազատներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Հանձնաժողովի ղեկավարին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ Հանձնաժողովի անդամներին՝ աջակցության ու ուշադրության համար:



























