Ապահովագրական ընկերությունները խստացրել են կանոնները հաճախորդների համար, իսկ իրենց համար՝ ոչ։ Այս մասին մարտի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարորդների իրավունքների պաշտպանության հարցերով փաստաբան Արտակ Խաչատրյանը։

Նրա խոսքով, գործող վեց ապահովագրական ընկերություններից չորսը ձգտում են վճարումները չկատարել, չեն հավատում հաճախորդներին, դիմում են տարբեր հնարքների միայն թե չփոխհատուցեն: Նույնիսկ այն դեպքերում, երբ կողմերից մեկը իրեն մեղավոր է ճանաչում, պահանջում է փորձաքննություն եւ նույնիսկ կրկնակի քննություն: «Ապահովագրողներն ու փորձագետները  փոխպայմանավորվածության են գալիս, որը շատ վատ երեւույթ է»,–նշել է նա։ Այդ ամբողջ ժամանակ երբ շարունակվում են այդ գործընթացները, մեքենայի սեփականատերն իրավունք չի ունենում սարքել մեքենան, հակառակ պարագայում զրկվում է ապահովագրական վճարից.  «Հայաստանում ապահովագրման ոլորտում  քաոս է տիրում»,–համարում է փաստաբանը։