Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երեւանի հ. 114 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կկրի «Ծիածան» անվանումը:
Ավելի քան 40 տարվա պատմություն ունեցող կրթօջախը երբեւէ հիմնանորոգման չէր ենթարկվել եւ այսօր բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացում շուրջ 350 փոքրիկների առջեւ: Հիմնանորոգման գործում ներդրում ունեցած անձանց մանկապարտեզի սաներն իրենց յուրօրինակ շնորհակալությունն են հայտնել երաժշտական կատարումով: Կրթօջախի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:
Հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» եւ «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել եւ կահավորվել է ժամանակակից մանկական խաղերով: Կրթօջախն իրականացնում է նաեւ ներառական կրթություն, որի համար եւս մանկապարտեզում ապահովվել են համապատասխան պայմաններ:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի իրականացման արդյունքում սաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մոտեցումը յուրովի է նաեւ մանկապարտեզի ներքին հարդարման ու ձեւավորման հարցում, արվել է հնարավորը, որպեսզի երեխաներն իրենց զգան ջերմ միջավայրում:




























