Հայաստանում աղքատության հետ կապված խնդիրները պետք է լուծվեն պետության, հասարակական կազմակերպությունների եւ հասարակության համատեղ քայլերով: Այս մասին «Ծայրահեղ աղքատությունը. երեխաները, որոնք մահանում են սովից սոցիալական պետությունում» թեմայով հանրային քննարկումների ժամանակ հայտարարել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչութան պետ Աստղիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ պետությունը՝ ի դեմս համապատասխան մարմինների եւ իշխանության ճյուղերի, այս բավականին սուր խնդիրն ինքնուրույն լուծել չի կարող: «Հինգ տարին մեկ համապատասխան ուսումնասիրություններ են կատարվում, որոնց ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում հինգ տարեկանից ցածր չսնվող եւ զարգացման հետ խնդիրներ ունեցող երեխաներին` ոչ թե ուտելուն, այնպես էլ զարգանալուն: Վերջին երկու տարվա ուսումնասիրությունների արդյունքներով՝ այս թիվը, եթե ես չեմ սխալվում, հասել է 9-9.5 տոկոսի: Սա շատ անցանկալի ցուցանիշ է»,- նշեց Մինասյանը:

Միեւնույն ժամանակ, ըստ Աստղիկ Մինասյանի, նման երեխաներին գտնելը բավական բարդ խնդիր է, քանի որ նրանց ընտանիքների անդամները միշտ չէ, որ դիմում են բժիշկներին կամ պետությանը: Բացի դրանից, սոցիալական աշխատողները միշտ չէ, որ կարողանում են որոշել կոնկրետ երեխայի կարճահասակության ու նիհարության պատճառը, քանի որ պարտադիր չէ, որպեսզի դրա պատճառը սովը լինի կամ վատ սնունդն ընտանիքում. դա կարող է նորմ կամ գենետիկական առանձնահատկություն լինել:

Մեկ այլ խնդիր է, ըստ Մինասյանի, երեխաներին չափից շատ ուտեցնելը, ինչը շատ հաճախ սխալ է, սակայն քիչ ծնողներ են դա հասկանում: Երեխաներին, ինչպես նա կարծում է, պետք է ճիշտ կերակրել, եւ դա պետք է ելնի ընտանիքում ընդհանուր դիրքից, որտեղ սննդի ընդունումը ողջամտորեն կերպով է կազմակերպված: Սա կօգնի  խուսափել տարբեր տեսակի առողջական խնդիրներից եւ ոչ միայն երեխաների շրջանում, այլեւ՝ ամբողջ ընտանիքում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին հանրապետությունում նախորդ տարիների համեմատ մանկական աղքատության մակարդակը զգալիորեն ավելացել է, ինչը մտահոգության լուրջ հիմք է: «Պետությունն ապահովում է 25-26 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում բազմազավակ ընտանիքներին, որտեղ մինչեւ հինգ տարեկան երեխաներ կան: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ սա բավարար չէ, սակայն գոնե ինչ-որ օգնություն է, քանի որ պետությունը դեռ ավելին տալ չի կարող»,- եզրափակեց Աստղիկ Մինասյանը: