ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման դեպքի հանգամանքների պարզման համար հետաքննություն իրականացնող բրիտանական ոստիկանության ծառայողները հայտնել են, որ քիչ թե շատ պարզ է դարձել, թե ինչ նյութ է օգտագործվել նրանց թունավորման համար։
Այս մասին հայտնել է Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Էմբեր Ռադը՝ Սոլիսբերիում տեղի ունեցած միջադեպին նվիրված COBRA արտակարգ իրավիճակների կառավարական կոմիտեի նիստի ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նա հայտնել է նաեւ, որ օրվա երկրորդ կեսին ոստիկանությունը հանդես կգա նոր հայտարարությամբ՝ հավելելով, որ հնարավոր է հետաքննությունը երկար տեւի։
Նշենք, որ մարտի 5-ին Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում հայտնաբերվել էր Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա 66-ամյա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը։ Նրանք հոսպիտալացման պահին ծայրահեղ ծանր վիճակում են գտնվել։ Ենթադրվում է, որ նրանք թունավորվել են սինթետիկ օփիատներով։
Նշվում է նաեւ, որ Բրիտանիայի արտակարգ ծառայությունների աշխատակիցները, որոնք ժամանել էին դեպքի վայր, եւս հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց առողջությանը վնաս է պատճառվել, սակայն ինչ է ախտորոշվել, հայտնի չէ, փոխանցում է Sky Newsը։
Հավելենք, որ Սկրիպալը դատապարտվել էր 2006 թվականին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:



























