Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը որոնում է ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման օրը Zizzi պիցերիա եւ Bishop's Mill փաբ այցելած մարդկանց, հաղորդում է Reuters–ը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ ցանկանում են հարցաքննել բոլոր նրանց, ովքեր այցելել են այդ երկու վայրերը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին  Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում հայտնաբերվել էր Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա 66-ամյա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը։ Նրանք հոսպիտալացման պահին ծայրահեղ ծանր վիճակում են գտնվել։ Ենթադրվում է, որ նրանք թունավորվել են սինթետիկ օփիատներով։

Նշվում է նաեւ, որ Բրիտանիայի արտակարգ ծառայությունների աշխատակիցները, որոնք ժամանել էին դեպքի վայր, եւս հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց առողջությանը վնաս է պատճառվել, սակայն ինչ է ախտորոշվել, հայտնի չէ, փոխանցում է Sky Newsը։

Հավելենք, որ Սկրիպալը դատապարտվել էր 2006 թվականին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: