Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատը այսօր հանրահավաք է անելու Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրների օրակարգով։  Այս ճակատին անդամակցում է նաեւ հասարակական գործիչ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը։ Թե որքանով է հնարավոր, որ այս ճակատը միանա «Ելք» դաշինքին եւ պայքար սկսի Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրի դեմ, թեմայի շուրջ  NEWS.am–ը զրուցել է Լեւոն Բարսեղյանի հետ։

Պարոն Բարսեղյան,  թեեւ Սերժ Սարգսյանը դեռ չի հայտարարել վարչապետի պաշտոնում առաւջադրվելու մասին, սակայն ՀՀԿ–ականները թափանցիկ ակնարկում են, որ վարչապետի «միակ ու անփոխարինելի» թեկնածուն Սերժ Սարգսյանն է։ Ընդվզումներով  հնարավո՞ր է տապալել այս ծրագիրը։

Պետք է Սերժ Սարգսյանի ղեկավարման  տասը տարին ամփոփել եւ ասել՝ ինչ վնասներ է տվել Հայաստանի Հանրապետությանը։ Մենք պարբերաբար մեր կայքով  հիշեցնում ենք Սերժ Սարգսյանի խոսքերը իրեն շողոքորթողներին, քծնողներին։ Ընդհանրապես փոխանակ պատասխանատվության ենթարկվելու մասին մտածեն, մտածում են նրան առաջադրելու մասին։ Հարկավոր է, որ բոլորը իմանան՝ Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման ընթացքում ինչ վնասներ է հասցրել եւ հասկանան, որ Սերժ Սարգսյանի իշխանության լինելու ամեն րոպեն Հայաստանը ներքաշում է դեպի անդունդ։

Այս ամենի դեմ պայքարելու համար  գործնական քայլեր՝ հանրահավաքներ սկսելո՞ւ է այս ճակատը։

Բացի հրապարակային ելույթից՝ ուրիշ գործիք չունեմ, որը կարող եմ գործի դնել Սերժ Սարգսյանին գիտակցության բերելու համար։ Դժբախտաբար, ստեղծվել է այնպիսի դրություն, որ քաղաքական ընդդիմադիր ուժերը բավականաչափ հյուծված են ու թույլ, քաղհասարակության մյուս թեւերը իրենց ասելիքը ասում են եւ շարունակում են, Սերժ Սարգսյանը ունի պաշտպաններ ու ընդդիմախոսներ։ Բացի ապացույցներից, թե այս մարդը ինչ վնասներ է հասցրել մեր երկրին, բացի կոչերից, որ հանեք նրա նկարները դպրոցների պատերից եւ բավական է  աղոթեք նրա առաջ,   ուրիշ գործիք ես չունեմ։ Այսպիսին է դրությունը։

«Ելք» դաշինքում քննարկումներ են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագիրը տապալելու ուղղությամբ։ Հավանական է, որ այդ գործընթացը ծավալվի փողոցային պայքարով՝ Ազատության հրապարակում։ Հնարավո՞ր է «Հանուն Հայաստան պետության» ճակատը, հասարակական ակտիվ գործիչները  միանան «Ելք»–ին։

Ամենից առաջ կուզեի նշել, որ Ազատության հրապարակում հանրահավաք անելը չի կարող լինել գերագույն նպատակ։ Իհարկե, դա հնարավոր գործիքներից մեկն է, հրապարակային խոսք ասելու, մարդկանց կամքը ասելու համար։  Եթե դա գործիք էր 30–20–10 տարի առաջ, ապա հիմա գործիք չէ։ Ես չեմ էլ բացառում, որ հրապարակում կարող են ինչ–ինչ զարգացումներ լինել, բայց ինձ չի թվում, որ պետք է կենտրոնանալ  հրապարակի վրա։ Երկիրը հարկավոր է շերտային վերլուծության ենթարկել, ինչի   պակասը շատ կա այսօր։ Հայաստանը ինչ–որ պատրանքային պատկեր է ներկայացվում,  այնինչ Հայաստանի հանրությունը ահագին փոխվել է։ Այս ամբողջը պիտի վերլուծել, պետք է վերլուծել՝ ինչ ունենք, հետո նոր հասկանանք հիվանդին բուժելու համար ինչ գործիքներ են պետք։ Հիմա բոլորը գիտեն, որ երկիրը հիվանդ է, բայց թե ինչն է խոցված, ինչից սկսել ոտքի կանգնեցնելու համար, առայժմ ես գործիք չեմ տեսնում։ Չի կարելի հիվանդին մոտավորապես մոտենալ, քանի որ համակարգը, որն այսօր խժռում է մեր Հանրապետությունը, բավականին խորը ծրագրված քայլերով է դա անում։

Ուզում եք ասել՝ Ազատության հրապարակում պայքար սկսելը անհեռանկա՞ր է։

Ես բացարձակ չեմ թերագնահատում «Ելք» դաշինքի կամ այլ խմբերի նախաձեռնությունները։ Դա  նրանց իրավունքն է, կրկնում եմ՝ կարող է ինչ–որ բան փոխվել որեւէ մեկի անսպասելի նախաձեռնությունից։ Թող չստացվի, որ ես թերագնահատում եմ նրանց չարչարանքները։ Ես իմ քաղաքացիական դիրքից որտեղ համարել եմ, որ ասելիքիս կարիքը կա, մասնակցել եմ՝ սկսած բնապահպանականից մինչեւ քաղաքական միջոցառումներ։ Պետք չէ ինձ հատուկ առաքելություն վերագրել։ Ինչ–որ մի գործիք է պետք, որ կհետաքրքրի հանրության լայն շերտերին եւ կկարողանա քաղաքական ափերից հանել, որ հասկանան՝ այլեւս այս ճենճի ու կեղտի մեջ մնալ հնարավոր չէ։ Այն, որ մենք ճենճի մեջ ենք նստած, դրա վկայությունը ահռելի արտագաղթն է։ Սա ձենտու է իշխանությանը։ Կարծում եմ՝ հիվանդը նախ պետք է ախտորոշվի, որից հետո գտնվի բանալին։

Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու ծրագիրը կանխելու լծակը «Ելք»–ի համար մի քանի տասնյակ հազար ժողովրդի փողոց դուրս գալն է։ Մյուս կողմից էլ կարծիք կա, որ  իշխանափոխության համար հանրային պահանջ չկա։ Ի՞նչ կասեք հանրային տրամադրությունների մասին։

Հանրային պահանջ հասկացությունը հատուկ է կոնցլագերին, ռեժիմային հիմնարկներին, մոլորություն է հանրային պահանջ վերագրել մի հանրության, որն ունի  բազմակարծություն։ Մենք չունենք կոնսոլիդացված հանրություն՝ պրոսերժական, կամ հակասերժական, պրոավտորիտար կամ հակավտորիտար, տարբեր շերտեր են։ «Ելք»–ը ստացել է ինչ–որ տոկոս եւ հայտնվել Ազգային ժողովում, Հանրապետականը ստացել է մի «ահռելի» տոկոս եւ հայտնվել Աժ–ում։ Հիմա «Ելք»–ի ընտրողների հանրային պահանջը մի բան է, ՀՀԿ–ինը՝ բոլորովին այլ բան։ Մոլորություն է հանրային պահանջ վերագրել հայաստանյան հասարակությանը, մենք չենք կարող ակնկալել միահամուռ պահանջ։ Բանալին առայժմ գտնված չէ, դրա ճանապարահներից մեկը ակտիվ հանրահավաքներն ու շփումներն են, ես դա չեմ ժխտում։ Ընդհանրական մենք պատկերացում ունենք երկրի վիճակի վերաբերյալ, բայց դա բավարար չէ արդյունավետ պայքար սկսելու ու հաջողության հասնելու համար։ 30 տարում Հայաստանը բովանդակային առումով լուրջ փոփոխություն է կրել, այնպես չէ, որ դուրս եկանք հրապարակ եւ փոխում ենք։ Համակարգը բավականաչափ կարողացել է ընդդիմությանը հյուծել, տնտեսական հենքը դուրս քաշել քաղհասարակության եւ ընդդիմության ոտքերի տակիս եւ լցնել օլիգարխիայի ոտքերի տակ ու պաշտպանվել այդ օլիգարխիայով եւ ուժային կառույցներով։ Հիմա որտեղ է այդ թույլ տեղը, որտեղից կկարողանանք բռնել եւ մի կողմ դնենք այդ համակարգին, առայժմ հասարակությունն ու ընդդիմությունը չգիտեն։