Հայաստանում տիրող հուսալքության, անելանելիության, անտարբերության ներկա հոգեվիճակը, անկասկած, հնարավոր է բարեշրջել։ Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ նախկին փոխնախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը։
Նա ներկայացրել է ճակատի հռչակագիրը՝ արձանագրելով, որ անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից, Արցախյան պատերազմի հաղթանակից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ներդնելով ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ սահմանադրությամբ հաստատված կարգ, հետեւողականորեն ոչնչացնելով հանրային եւ անհատական ազատությունները, սոցիալական արդարությունը, իսկ արտաքին հարաբերությունների հիմնական ուղղություններում ամբողջովին զիջելով ինքնիշխանությունը օտար ուժերին, արդեն իսկ Հայաստանը կանգնեցրել են գաղութացման, պետության վերջնական կործանման շեմին: «Արտագաղթը՝ որպես այդ քաղաքականության ուղղակի հետեւանք, զրկում է Հայաստանի Հանրապետությանը` ներառյալ Արցախը, ոչ միայն բնականոն զարգացման հեռանկարից, այլեւ նվազագույն անվտանգությունն ապահովելու կարողությունից, ավելին՝ չնվազող արտագաղթը իրական սպառնալիք է ոչ միայն Հայոց պետության գոյության համար, այլեւ կհանգեցնի վերջնական հայրենազրկման»,- ասել է նա եւ հավելել. «Վերջին երկու տասնամյակում անիրավության, անարդարության եւ իրավազրկվածության դեմ մղվող պայքարի բոլոր փորձերը իրարահաջորդ վարչախմբերը ճնշել են զինված ստորաբաժանումների, իրավապահ համակարգի ու դատարանների, պատվիրված դատավճիռների միջոցով. շինծու, անհեթեթ, մտացածին քրեական մեղադրանքներով ամբաստանվում են իրավիճակին չհամակերպված, ընդվզող, հանուն Հայաստան պետության պայքարի ելած նվիրյալները` բանտերը համալրելով նորանոր քաղբանտարկյալներով»:



























