Մոլդովայի արդարադատության նախարար Ալեքսանդր Թենասը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ իր եւ գործարար Վլաչեսլավ Պլատոնի միջեւ 3 տարի առաջ տեղի ունեցած եւ գաղտնալսված հեռախոսազրույցները հրապարակելուց հետո։ Վլաչեսլավ Պլատոնը կալանավորված է ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով։
Հրաժարականի մասին նախարարը գրել է Facebook-ի իր էջում՝ պարզաբանելով, որ պատճառը իր հանդեպ «վստահության կորուստն» է։
«Երբ վստահությունը վտանգի տակ է, թեկուզ անհիմն պատճառներով, որքան էլ որեւէ նախաձեռնություն լավը լինի, այն արդյունք չի տա»,-գրել է նախարարը։ Նա հավելել է, որ ամենաճիշտ որոշումը ստեղծված իրավիճակում համարում է իր հեռանալը։ Թենասը ընդգծել է, որ ավարտում է իր հրապարակային կարիերան։
Գաղտնալսված հեռախոսային զրույցում, որը նախորդ շաբաթ հրապարակել էր Jurnal TV հեռուստաալիքը, Թենասը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, Պլատոնի հետ քննարկում է Մոլդովայի օրենսդրությունը բանկերի մասին, որն ընդունվել է ԵՄ-ի պահանջներին համապատասխան։ Հեռախոսազրույցի թեմաներից մեկը եղել է երեք մոլդովական բանկերից 1 մլրդ եվրոյի գողության հետ կապված սկանդալը, ինչը հանգեցրել է քաղաքական ճգնաժամի եւ եվրոպամետ 2 կառավարությունների հրաժարականների։
Պլատոնն ասել է, որ գողության առնչություն ունեն իշխող Մոլդովայի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկը, Ազգային բանկի նախկին ղեկավար Դորին Դրեգուցանուն եւ գործարար Իլան Շորը։


























