Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը նորից վերընտրվել է քաղաքական շարժման ղեկավարի պաշտոնում, հայտարարել է կուսակցության անդամ, Լը Պենի նախընտրական արշավի նախկին ղեկավար Դավիդ Ռաշլինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կուսակցության անդամները հավանություն են տվել 2011 թվականից Մարին Լը Պենի պաշտպանած գաղափարներին եւ նրան վերընտրել են մեր շարժման ղեկավարի պաշտոնում: Մարին, շնորհակալություն բոլոր ճակատամարտերի համար, մենք քեզ հետ ենք՝ հանուն Ֆրանսիայի հետագա մարտերում»,- Twitter-ում նշել է Ռաշլինը:

Կիրակի Լիլում ընթանում է կուսակցության համագումարը: France Info պորտալի տեեկություններով՝ համագումարի մասնակիցները քվեարկել են կուսակցության հիմնադիր եւ Մարին Լը Պենի հայր Ժան-Մարին Լը Պենին պատվավոր նախագահի կարգավիճակից զրկելու օգտին: Պաշտոնը, որը Լը Պեն ավագը զբաղեցնում էր համագումարի մասնակիցների որոշմամբ, պարզապես դադարում է գոյություն ունենալ:

Մարին Լը Պենը «Ազգային ճակատի» առաջնորդի պաշտոնը «ժառանգել» է 2011 թվականին: 1972 թվականին ստեղծված կուսակցությունը հանդես է գալիս պահպանողական արժեքների, ներգաղթի սահմանափակման, եվրաինտեգրմանը հակազդելու օգտին: Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 25,4 տոկոսը: