Վերջերս Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի ընթերցողների հարցերին պատասխանել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Արդարացի Ռուսաստան. Հայրենիք/Թոշակառուներ/Կյանք» խմբակցության անդամ Սեմյոն Բաղդասարովը։

Այն հարցին, թե արդյո՞ք շատ չեն ուշացել Ջավախքում հայոց լեզվի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթները, Ս. Բաղդասարովը պատասխանել է, որ «կա մի ռուսական ասացվածք. „Լավ է ուշ, քան երբեք“, այդ պատճառով էլ, կարծում եմ, որ, ամեն դեպքում, դա շատ ժամանակին արված հայտարարություն է, որը, ըստ իս, աջակցություն կստանա Ջավախքի բնակչության կողմից։ Սակայն այն հավանականությունը, որ պարոն Սարգսյանի առաջարկը կանտեսվի, շատ մեծ է։ Ես գնահատում եմ պարոն Սահակաշվիլու գործունեությունը, ըստ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, եւ ոչ միայն հայերի, այլեւ մյուսների նկատմամբ, որպես ազգայնական, այդ պատճառով էլ վստահ եմ, որ Հայաստանի նախագահի առաջարկը կանտեսվի։

Կան ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տարբեր միջոցներ, դրանց թվում են միջազգային տարբեր կազմակերպություններին դիմելը կամ հենց Վրաստանում ընտրությունները, կամ այլ միջոցառումները բոյկոտելու որեւէ տարբերակի կիրառումը։ Հարկավոր է սկսել պաշտպանել սեփական իրավունքները՝ լեզվի, կրոնի իրավունքը եւ այլն։ Անհրաժեշտ է, այդ թվում, համաձայնեցնել գործողությունները Վրաստանի մյուս փոքրամասնությունների՝ Բորչալիի ադրբեջանցիների, հույների եւ նույնիսկ այնպիսի „ենթաէթնոսների“ հետ, որոնց Վրաստանում համարում են վրացիներ, ինչպես, օրինակ՝ մենգրելները, աջարները եւ այլք։ Հարկավոր է համատեղ գործունեություն վարել Սահակաշվիլու վարչակարգի դեմ»։

Բաղդասարովը կարծում է, որ «Վրաստանը որոշ առումով լաթային պետություն է։ Կա Աջարիա, կա մենգրելական, ադրբեջանական ու հայկական բնակչություն, որը խիտ բնակեցված է որոշակի շրջաններում։ Վրաստանի բնակչության շահերին ավելի շատ համապատասխանում է կոնֆեդերատիվ պետության գաղափարը, քան այն համակարգը, որը գոյություն ունի այսօր»։

Պետդումայի պատգամավորը պատասխանել է նաեւ այն հարցին, թե որտե՞ղ է այնուհանդերձ Հայաստանի ու Վրաստանի տեղը՝ Արեւմուտքո՞ւմ, թե՞ Արեւելքում։ «Այդ տեղի որոշման իրավունքը պատկանում է այդ պետությունների ժողովուրդներին, սակայն ես կցանկանայի հիշեցնել պատմական որոշ պահեր։ Վրացիներին ոչնչացումից փրկել է Հզոր Ռուսաստանը։ Ես հիմա չեմ հիշի կոնկրետ թվեր, սակայն մինչեւ Գեորգիեւսկի համաձայնության ստորագրումը Վրաստանի բնակչությունը, ըստ էության, գտնվել է ֆիզիկական ոչնչացման եզրին։ Գեորգիեւսկի համաձայնագրի ստորագրումից հետո 50 տարվա ընթացքում Վրաստանի բնակչությունը աճել է մի քանի անգամ եւ հասել մոտ 1,5 մլն. մարդու։ Այդ ամենը կատարվել է Ռուսաստանի հովանու ներքո, այլ ոչ թե Արեւմտյան պետությունների։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա էլ մի քանի անգամ խաբվել է՝ Արեւմուտքի հետ լինելու փորձեր կատարելիս։ Մենք բոլորս հիշում ենք այն հույսերն ու ծրագրերը, որոնք կապվում էին Սեւրի պայմանագրի ու ԱՄՆ դերի հետ՝ Հայաստանի հնարավոր ենթակա տարածքի հարցում։ Դա ավարտվեց աղետով։ Մեզ մոտ խոսում են 1915 թվականի Ցեղասպանության մասին, սակայն իրականում Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը շարունակվել է մինչեւ 1922 թվականը։ Եվ միայն Արեւելյան Հայաստանի տարածքում է, որ Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, վերջին հաշվով, կազմավորվեց հայկական պետություն, եւ պահպանվեց հայ ժողովուրդը։ Դա տեղի է ունեցել մեծապես Ռուսաստանի շնորհիվ։ Այնտեղ չի եղել ԱՄՆ-ի կամ Աստված գիտի, թե էլի ում մասնակցությունը»,- ընդգծել է նա։