Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կարողանում է ներել, բայց ոչ ամեն բան։ Այս մասին նա նշել է քաղաքական մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովի «Պուտին» ֆիլմի համար տված հարցազրույցում։ Ֆիլմը «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը։

Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչը չի կարող ներել, ՌԴ նախագահը պատասխանել է. «դավաճանությունը»։ Պուտինը հավելել է, որ իր կյանքում չի բախվել լուրջ դավաճանության. «Գուցե ես ընտրել եմ այնպիսի մարդկանց, որոնք դրան ունակ չեն»։

Պուտինը նաեւ կարծիք է հայտնել, որ ինքն իրավունք չունի թուլություն դրսեւորել. «Երբ մարդը դուրս է գալիս ափերից, նա թուլություն է դրսեւորում։ Իմ դիրքի տեր մարդը իրավունք չունի թուլություն դրսեւորել»,-ասել է ՌԴ նախագահը։

Կոնդրաշովի հարցին, թե որն է իր համար էներգիայի աղբյուրը, ինչին Պուտինը պատասխանել է, որ իր աշխատունակության հիմքում վստահությունն է, որ իր արածը ճշմարիտ է եւ այն կյանքի կոչելու ձգտումը։

Հարցին, թե ինչ հանգամանքների դեպքում Ռուսաստանն Ուկրաինային կվերադարձնի Ղրիմը, Պուտինն արձագանքել է. «Դուք գժվե՞լ եք։ Չկան այդպիսի հանգամանքներ եւ չեն լինելու երբեք»։ Նա հավելել է, որ Ղրիմի պատկանելիության հարցը «պատմականորեն փակվել է» 2016 թվականին. «Վերադարձ նախկին համակարգին ընդհանրապես գոյություն չունի»։