Հայաստանի բնապահպանության նախարարությունն առաջարկել է կառավարությանը՝ լուծարել իր ենթակայության տակ գտնվող «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը։ Դրա փոխարեն հիմնվելու է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը: Դրան կվստահվեն ոչ միայն բնապահպանական ծրագրերի իրականացումը եւ դրանց իրականացման նկատմամբ մոնիտորինգը, այլեւ պետական գնումների կազմակերպումը։
Նշենք, որ լուծարված ՊՈԱԿ-ի գործառույթներն ավելի բազմազան էին։ Այն բնապահպանության ոլորտում մշակում եւ ներկայացնում էր ծրագրային առաջարկներ, ծրագրային խնդիրների շուրջ կազմակերպում էր քննարկումներ եւ բանակցություններ, իրականացնում էր բնապահպանության ոլորտի կադրերի վերապատրաստում։ Իսկ նորաստեղծ պետական հիմնարկը լինելու է բացառապես կատարող մարմին։





























