«Կոալիցիայում հարմար դիրք ընդունելուց հետո Արթուր Բաղդասարյանը միանգամայն հաջողակ բիզնես է դրել՝ նա պաշտոններ է վաճառում:
Երբեմն, իհարկե, վրիպում է՝ կանխավճար վերցնելուց հետո չկարողանալով իր խոստացած աթոռին նստեցնել «գնորդին»»,-նկատում թերթը՝ շարունակելով. «Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Գեղարքունիքի ՕԵԿ-ական փոխմարզպետն իր մերձավորների մոտ տնտնջացել է, թե Արթուրիկն իրեն խաբել է, ինքն էլ ոգեւորված մեծ փողեր աշխատելու հրապուրիչ հեռանկարից՝ պարտք է արել եւ հիմա չգիտի՝ ինչպես տակից դուրս գա, որովհետեւ հասկանալի է դարձել, որ ՕԵԿ կուսակցապետին տված 40 հազար դոլարը կորած փող է, եւ տեսանելի ապագայում այդ գումարը «աշխատելու» հեռանկար չկա: ՕԵԿ նվիրյալը երեւի, գործից անտեղյակ մարդ է եղել, այլապես կիմանար, որ փոխմարզպետների հաստիքները մեծ մասամբ «փող աշխատելու» հետ ավելի քիչ կապ ունեն, քան շատ ու շատ վարչության պետերի հաստիքները:
Արթուր Բաղդասարյանի ամենաթարմ վրիպումը գրանցվեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնի համար հայտարարված աճուրդում. նախ մամուլում լուրեր սպրդեցին՝ Էդիկ Մադաթյանին նշանակելու մասին, դրանով, հավանաբար, ստուգում էին Սերժ Սարգսյանի ռեակցիան: Տեսնելով, որ նախագահականից առանձնապես ջղային արձագանքներ չեն եղել, ուրեմն՝ պահը հասունացել է, Արթուրիկը Էդոյից մոտ երկու ամիս առաջ կանխավճար է վերցրել ու նրա ձեռքից բռնել-տարել Սերժ Սարգսյանին ներկայացնելու: Սակայն Սերժ Սարգսյանը կտրականապես հրաժարվել է ոչ այնքան վաղ անցյալում իր , Ռոբերտ Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի դեմ մահափորձի մտադրության մեջ մեղադրված (ամբաստանված) մարդուն նախարարի կարգավիճակ շնորհել»:
Ինչպես կարդում ենք հրապարակման հետագա տողերում, գյուղատնտեսության նոր նախարար Սերգո Կարապետյանը Արթուր Բաղդասարյանին ոչ մի կոպեկ չի տվել: «Պարզապես «Արտֆուդի» բաժնետերերից մեկը՝ Սերժ Սարգսյանը, մյուս բաժնետիրոջը աշխատանքի է նշանակել, եւ «կոալիցիոն պատշաճության» թելադրանքով՝ Կարապետյանը ձրի անդամագրվել է ՕԵԿ-ին: Ավելին, մեր մեր տեղեկությունների, Սերժ Սարգսյանը Արթուրիկին հասկացրելէ, որ Սերգոյին ՕԵԿ անդամ դարձնելով՝ լավություն է անում ՕԵԿ-ին, այսինքն՝ մի բան էլ ՕԵԿ-ն է պարտք մնացել «Արտֆուդի» տնօրենին:





























