Երեւանում տարեսկզբից մինչ օրս հանձնվել է 487 անվճար բուժօգնության հավաստագիր: Համաձայն 2011-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած կառավարության որոշման՝ 0-ից մինչեւ 7 տարեկան բոլոր երեխաները բուժծառայությունից օգտվելու են անվճար հիմունքներով:

Առայժմ հավաստագրեր հանձնվել են միայն նորածիններին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից, քանի որ այս գործընթացը մեկնարկել է բոլորովին վերջերս, նորածիններից բացի, մինչեւ 7-ի սահմանում այլ  տարիքային խումբ դեռ չի օգտվել հավաստագրից:

Ըստ կառավարության որոշման՝ երեխաներին տրվելիք անվճար բուժօգնության  հավաստագրերն իրենցում որոշակի գումար չեն ամփոփում. հավաստագիրը կարժենա այնքան, որքան հարկ կլինի վճարել մանկանը տրվող բուժծառայության դիմաց: Ինչպես մեկնաբանեցին ԱՆ-ի լրատվության հետ կապերի բաժնից, մինչեւ 7 տարեկան երեխաներին տրամադրվող հավաստագիրը անվճար ծննդօգնության տրամաբանական շարունակությունն է կամ 2-րդ փուլը:

Հիշեցնենք, որ մինչ 0-ից 7 տարեկան երեխաներին հավաստագրեր հանձնելու որոշման ուժի մեջ մտնելը, բացարձակ անվճար բուժօգնությունից կարող էին օգտվել միայն հաշմանդամություն ունեցող կամ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: