Հայերը չեն կարողանում տոներ նշել: Հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Փաստացի ունենալով 20-ից ավելի պաշտոնական տոն եւ գոնե 7-ը եկեղեցական տաղավար տոներ, մենք տոնական մշակույթ չունենք: Տոնին բնորոշ ուրախության, զվարճանքի, այլ հանդիսություններ չունենք եւ սկզբունքորեն մեր զվարճանքի մշակույթը զգալի չափով կենտրոնացվել է սեղանի եւ ալկոհոլային խմիչքների շուրջ»,-ասաց ազգագրագետը:
Խառատյանի խոսքով, ժողովրդի մոտ տոն եւ ճոխ սեղան հասկացողությունները ձուլված են եւ դրա կուլմինացիան նկատվում է հատկապես Ամանորին: Ազգագրագետի հավաստմամբ, Ամանորին առատ սեղաներ գցելը բնորոշ է աղքատ հասարակություններին:
Հրանուշ Խառատյանը պատմեց նաեւ, որ հնում Ամանորին Հայաստանում ընդունված չէր նման ճոխ սեղաներ ունենալ, քանի որ պահքի շրջանն էր եւ ավելի շատ ծիսական ուտելիքներ էին դրվում սեղանին:
Նախկինում Նոր տարվան ընդունված ավանդույթ է եղել նաեւ բարեկամների ու հարազատների հետ խզված կապերը վերականգնել ու վերանորոգել:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ իր հերթին ավելացրեց, որ «ինչպիսին մեր հասարակական կյանքն է, այնպես էլ Նոր տարի է, մեր տոններն են, թաղումներն ու հարսանիքները»:





























